| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մնջախաղի թատրոնի համար նոր տարածքի փնտրտուքները մի փոքր ավելի երկար տևեցին. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը` անդրադառնալով Մնջախաղի թատրոնի շենքի խնդրին:
Հիշեցնենք, որ Մնջախաղի թատրոնի` 43 տարվա անհասցե դեգերումներից հետո հիմնական հասցե ու շենք ունենալու ուրախությունը կարծես երկար չտևեց. պարզվեց, որ թատրոնին Գևորգ Քոչար 21 հասցեում տրված շենքի, որը հուշարձան է, որևէ փոփոխություն անթույլատրելի է:
Մակունցը նշեց, որ թատրոնի տնօրեն Ժիրայր Դադասյանի հետ պայմանավորվել են, որ նրանց նոր տարածք հատկացվի: «Գիտեք` փոքր կենտրոնում ազատ տարածքներ գրեթե չկան: Սակայն այս պահին պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող կառույցներից մեկը, որը լուծարման ընթացքում է, պետք է փոխանցվի պետգույքին: Այդ տարածքի հետ կապված պետգույքի պետի` Նարեկ Բաբայանի հետ արդեն իսկ խորհրդակցել ու որոշել ենք, որ այդտեղ կարող ենք ունենալ ոչ միայն մնջախաղի թատրոն, այլև մնջախաղի ուսումնական կենտրոն»,- ասաց Մակունցը:
Նրա խոսքով` տարածքը բավականին մեծ է, և Դադասյանի հետ դեռ պետք է քննարկեն հարցը, որպեսզի այնտեղ այլ ստեղծագործական խմբեր նույնպես աշխատեն: Խնդրի լուծման ընթացքը, ըստ Մակունցի, տրված է, մնացածը ժամանակի հարց է:
Նշենք, որ թատրոնի համար առաջարկվող շենքը գտնվում է Մոսկովյան 5 հասցեում (Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներների և դպրոցականների պալատի բակային մասում): Հուսանք, որ այս անգամ թատրոնի շենքի խնդրին վերջնական լուծում կտրվի, և, ի վերջո, թատրոնը կունենա մշտական հասցե և իր ժամանակը կվատնի ներկայացումների բեմադրման, ոչ թե տարածքի համար պայքարի վրա: