կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-05 16:19
Հասարակություն

Ֆիլմարտադրության ոլորտում ոչ թե թվային ցուցանիշին ենք նայելու, այլ որակին. Լիլիթ Մակունց

Ֆիլմարտադրության ոլորտում ոչ թե թվային ցուցանիշին ենք նայելու, այլ որակին. Լիլիթ Մակունց

Մշակույթի նախարարությանը 2019-ին 15 մլրդ դրամից մի փոքր ավելի գումար է հատկացվելու: Այս մասին 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ տեղեկացրեց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:

Նա ներկայացրեց, թե նախարարությունն իրականացվող ծրագրերի վրա որքան է նախատեսել ծախսել:  

Մակունցի խոսքով`  կինեմատոգրաֆիայի ծրագրին հատկացվող գումարը փոքր-ինչ նվազել է. ֆիլմարտադրության ոլորտում ոչ թե թվային ցուցանիշին են նայելու, այլ որակին: «Այսինքն` մենք որոշել ենք քանակը նվազեցնել, բայց ունենալ որակյալ ֆիլմեր»,-ասաց նա:

Մակունցը շեշտեց, որ մարզերի մշակութային զարգացման ծրագրին են ուշադրություն դարձնելու, որին հատկացվելու է 270 մլն դրամ, որը, ըստ նրա, մեծ ցուցանիշ է:

Նրա խոսքով` գրադարանների համալրման ցուցանիշն է կրկնապատկվել:

Իսկ ահա հուշարձանների պահպանության ոլորտում փոփոխություն չի լինի: «Բյուջեն սահմանափակ է, և հասկանալի է, որ մեր երկրի նման մշակութային ժառանգություն ունեցող պետություններում մեծ միջոցներ են պետք բազմադարյան ժառանգությունը պահպանելու համար: Այս առումով մեր քաղաքականությունը մի քանի ուղղվածություն ունի, առաջինը հերթին գտնում ենք, որ բոլոր դրամաշնորհային նախաձեռնությունները, որոնք հնարավորություն են  ընձեռում դիմելու մասնավոր սեկտորին, մենք հայտ ենք ներկայացրել` որպես պետական սեկտոր նույնպես դիմելու»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Ըստ Մակունցի` այս պահին ՀՀ-ում կա 25 000 գրանցված հուշաձան: «Եվ եթե դիտարկում ենք այն բյուջեն, որն այս պահին ունենք, ստացվում է` տարեկան յուրաքանչյուր հուշարձանին հատկացվում է 10 000 դրամ, ինչը բավարար չէ: Առաջնահերթություններ ենք սահմանում, որպեսզի շարժվենք առաջ»,- ասաց նա:

Մակունցը հայտնեց, որ արդեն դիմել են դրամաշնորհի մեկ ծրագրի, որը վարկային պարտավորություն չի ենթադրում: «Երեք հուշարձանի մշակութային գոտու հետ կապված դրամաշնորհ է` 288 մլն դրամի, որն ավելին է, քան տարեկան բյուջեով հատկացվում է»,- ասաց նա: