կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-19 12:13
Քաղաքական

Եթե ՀԱՊԿ-ում խնդիրներ առաջանան, առաջին օգտվողը լինելու է Ադրբեջանը. Արմեն Ռուստամյան

Եթե ՀԱՊԿ-ում  խնդիրներ առաջանան, առաջին օգտվողը լինելու է Ադրբեջանը. Արմեն Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ցավում է, որ այսպիսի իրավիճակ է առաջանում արտաքին քաղաքականության կարևոր հարթակում` ՀԱՊԿ-ում: ԱԺ ճեպազրույցների ժամին նա ասաց. «Միանշանակ է, որ թե' Բելառուսի, թե' Ղազախստանի ղեկավարների հայտարարությունները չեն բխում կառուցողականության ոգուց և համագործակցության այն տրամաբանությունից, որը ՀԱՊԿ գործընկերության մեջ առկա է»:

Ռուստամյանի կարծիքով` մեր խնդիրները այնպես պետք է լուծենք, որ լրացուցիչ պրոբլեմներ չառաջանան:

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ում մեր տեղը պահելու հարցին, մենք գիտեինք, հասկանում էինք, որ ՀԱՊԿ կանոնադրության մեջ կա բաց: Փաստորեն, կատարված փաստից հետո փորձ է արվում խնդիրը լուծել: Մինչև մեր տեղն այդտեղ հարվածի տակ դնելը,  մինչև Խաչատուրովին հետ կանչելը, պետք էր նախատեսել այս ամենը, որպեսզի կատարված փաստից հետո չփորձեինք խնդիրը լուծել»,- ասաց նա:

Պատգամավորը հիշեցրեց, որ Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելը հարթ ու հանգիստ չի եղել: «Մենք տեսել ենք, թե ինչ դժվարությունների արդյունքում է այդ նշանակումը տեղի է ունեցել: Դեռ այն ժամանակ հակադրվող կողմեր կային, բայց այդ հարցը լուծվեց»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` ՀԱՊԿ անդամ երկրներին ուղղված հայտարարությանը` Ռուստամյանն ասաց, որ չի կարծում, թե մենք ունենք այնքան լծակ, որ մյուս երկրի ղեկավարներից պահանջենք կեցվածք պահպանել: «Պահանջել բառը պարտադրանք է ենթադրում: Եթե առաջիկա նիստում այդ տրամաբանությամբ սկսվի խոսակցությունը, դա կառուցողական տեղ չի տանելու: Ես տեսնում եմ, որ կրքերը բորբոքվում են, լարվածությունն ավելանում է, և եթե ՀԱՊԿ-ում առաջանելու են խնդիրներ, դրանից առաջին օգտվողը ոչ թե մենք ենք լինելու, այլ Ադրբեջանն է լինելու: Ես տեսնում եմ` ինչպիսի հրճվանք է արտահայտում Ադրբեջանի նախագահը տարբեր առիթներով` մեղադրանքի սլաքն ուղղելով Հայաստանի կողմը:  Նա պնդում է, որ եթե այդ կազմակերպության մեջ խնդիր կա, ապա դա Հայաստանն է ստեղծում»,- նշեց պատգամավորը:

Ըստ նրա` հարցը ձևակերպումների մեջ է, և չպետք է թույլ տանք, որ մյուս կողմն օգտվի այդ ձևակերպումներից: «Այստեղ խնդիրն անձնական հեղինակությունը կասկածի տակ դնելու կամ ինչ-որ մեկի հեղինակության առավելությունն արձանագրելու մեջ չէ: Հարցը այդ կառույցի արդյունավետ աշխատանքն է, ձևավորված ավանդույթները, միմյանց հարգելու վարվելակարգն է: Այդ հարաբերություններն ինչքան բարեկամական լինեն, այնքան ընդհանուր գործը կշահի»,- եզրափակեց Ռուստամյանը:

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Բելառուսի նախագահից պարզաբանումներ է պահանջելու` Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ՀԱՊԿ հարցը քննարկելու համար: Բելառուսի ԱԳ նախարարի խոսնակն էլ  կոշտ արձագանքել  էր Փաշինյանի այդ հայտարարությանը: