կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-24 13:38
Քաղաքական

Խնդիրներ կան, որոնցից այսօրվա իշխանությունները պետք է լուրջ եզրակացություններ անեն․ Արմեն Ռուստամյան

Խնդիրներ կան, որոնցից այսօրվա իշխանությունները պետք է լուրջ եզրակացություններ անեն․ Արմեն Ռուստամյան

«Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում հանգանակվել է 11 մլն 106 հազար դոլար՝ ավելի քիչ, քան նախորդ տարի։ Ակնկալվում էր, որ այս տարի ավելի մեծ գումարներ կփոխանցվեն՝ հաշվի անելով այն հանգամանքը, որ ապրիլ-մայիսից հետո վարչապետն էլ, օրվա իշխանություններն էլ հայտարարում էին, որ մարդկանց մեջ հավատ է վերականգնվել, համասփյուռ հայությունն էլ պատրաստ է մեծ գումարներ տալ, որովհետև, նրանց բնորոշմամբ, արդեն նոր, արդար Հայաստան է։

«Երկիր Մեդիա» հեռուստաալիքի «Հարցեր՝ դաշնակցականներին» հաղորդմանը հյուրընկալված` ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հանգանակված՝ համեմատաբար քիչ գումարի կաապակցությամբ ափսոսանք է հայտնել։ «Ակնկալիքն այնպիսին էր, որ այս հեղափոխական պաթոսը նաև վերածվի կոնկրետ քայլերի։ Սա պետք է շատ լավ նշան, ահազանգ լինի մեր իշխանությունների համար, որ եթե իրենց թվում է՝ միայն հայտարարություններով, խանդավառություններով ինչ-որ բաներ իրենք տեղից շարժելու են, չարաչար սխալվում են»,- նշել է նա։

Ըստ Ռուստամյանի` այդ ամենը պետք է կարողանալ նախապես կազմակերպել։ «Դրամահավաքն էլ կազմակերպչական ջիղ և նախապատրաստական աշխատանք է պահանջում, որը պատշաճ մակարդակով հաստատ չի արվել, որ այդպիսին է վիճակը։ Մենք, բնականաբար, մեր բոլոր կառույցներով աշխատել ենք և հրահանգել՝ ԱՄՆ-ում, Կանադայում և այլուր, շատ ակտիվ լինել, նրանք էլ ակտիվորեն մասնակել են։ Դա կարելի է փաստերով արձանագրել»,- նշել է պատգամավորը

Ըստ Ռուստամյանի՝ հանգանակված քիչ գումարը կարելի է կապել երկու պատճառի հետ։ Առաջինը՝  հոգաբարձուների խորհրդի գործադիր տնօրենի հետ կապված սկանդալային բացահայտումն է, որ գումարներ էր վերցրել, խաղատանը դրել, հետո`  վերականգնել։

«Բնականաբար, սա հարված հասցրեց հիմնադրամի հեղինակությանը։ Սա նշանակում է՝ այն փոփոխությունները, որոնք կատարվեցին, վստահություն չառաջացրեցին։ Պետք է ազդեին, բայց, փաստորեն, չեն ազդել։ Փաստորեն, ամեն ինչ չէ, որ հալած յուղի պես ընդունվում է, որ` եթե մենք եկել ենք, ուրեմն այլևս ամեն ինչ լավ է, որևէ կոռուպցիոն դրսևորում չի կարող լինել, ամեն ինչ արդեն վստահելի է։ Պարզվում է՝ այդպես չէ, բոլորը դրանում համոզվել են։ Ուրեմն այստեղ խնդիրներ կան, որոնցից այսօրվա իշխանությունները պետք է լուրջ եզրակացություններ անեն»,- նշել է Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ պետք չէ հարցը շրջանցել տարբեր պատճառաբանություններով, բացատրելով, թե իբր Ռուսաստանի մեծահարուստները չեն մասնակցել։ «Իսկ հարց է առաջանում՝ ինչո՞ւ չեն մասնակցել»,- հարցրել է Ռուստամյանը։

Դիտարկմանը, թե վարչապետը Ռուսաստանի հայ գործարարների հետ հանդիպել էր, որը պետք է ազդած լիներ, Ռուստամյանն արձագանքել է. «Հանդիպում էր, և այնպիսի տպավորություն է, որ որտեղ հանդիպում է, այնտեղ  խանդավառություն է, մարդիկ տեղ են ման գալիս իրենց աջակցությունը նոր իշխանություններին, նոր Հայաստանին, թավշյա հեղափոխությանը բերելու համար։ Բայց սա առաջին նշանն է, որ իրականում այդպես չէ։ Սա պահանջում է տքնաջան աշխատանք: Պարզ հայտարարություններով և միայն հռետորաբանությամբ չես կարող հասնել քո դրած նպատակին»։