Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Շատ մտահոգիչ հայտարարություններ են կատարվում, և դա խոսում է այն մասին, որ առաջացել են ինչ-որ խնդիրներ մեր հարաբերություններում. խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին:
«Ես կարծում եմ` մեր ռազմավարական շահերն այնքան կարևոր և նշանակալից են, որ ցանկացած խնդիր էլ պետք է ստորադասվի»,- նշեց նա:
Միևնույն ժամանակ պատգամավորն ընդգծեց, որ Փաշինյան-Պուտին հանդիպումից մեծ ակնկալիք ունեն: «Այս հանդիպումները հենց նրա համար են, որ խնդիրները վերջնականապես պարզաբանվեն ու իրենց լուծումները ստանան, և որևէ կերպ մեր ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ չխաթարվի: Դա կունենա մեզ համար լուրջ, ճակատագրական հետևանք»,- ասաց Ռուստամյանը:
Նրա կարծիքով` այս հանդիպումը կարելի է համարել լիարժեք հանդիպում: «Սա երկկողմանի առաջին լուրջ հանդիպումն է, և պետք է բաց խոսել բոլոր թեմաներով: Մեր հիմնական մոտեցումն այն է, որ Հայաստանը միշտ աչքի է ընկել իր արտաքին քաղաքականության մեջ նրանով, որ նույն բանն է ասել թե' Մոսկվայում, թե' Բրյուսելում, թե' Վաշինգտոնում, սա պետք է կարողանանք պահպանել»,- հայտարարեց պատգամավորը:
Ռուստամյանը կարևորեց այն, որ հստակ ներկայացվի Արցախի հարցի կարգավորման հետ կապված` Հայաստանի դիրքորոշումը: «Սա լավ առիթ է, որ հենց առաջին դեմքերը դրա մասին խոսեն»,- ասաց նա:
Հարցին` Նիկոլ Փաշինյանը հայեցակարգ ունի՞ Արցախի հիմնահարցի հետ կապված, Ռուստամյանն արձագանքեց, որ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ այս հարցով ելակետը գոհացուցիչ էր: «Խոսքն այն մասին էր, որ Հայաստանը պետք է առաջնորդվի Արցախի հարցի լուծման այն տրամաբանությամբ, որ պետք է հիմնվի ԼՂՀ ժողովրդի արտահայտած կամքի վրա»,- ասաց նա և ընդգծեց, որ խնդիրներ են առաջացել այն բանի կապակցությամբ, որ անմիջական բանակցություններ վարչապետը չպիտի տանի, որովհետև չունի այն լիազորությունները, ինչ Արցախից եկած նախորդ պաշտոնյաներն են ունեցել: Ռուստամյանը նաև հայտարարեց, որ սա չի կարող որևէ կերպ մեկնաբանվել, թե Հայաստանը փորձում է այդպես խուսափել բանակցությունենրից:
«Սա է գլխավոր խնդիրը, որ պետք է հստակեցվի: Բացի այդ` Վիեննայի, Սանկտ Պետերբոււրգի համաձայնություններն Ադրբեջանը փորձում է շրջանցել` նկատի ունենալով Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, սա չպետք է թույլ տանք»,- ասաց պատգամավորը:
Ռուստամյանի խոսքով` հայտարարությունը, որ Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին, չպետք է դիտվի որպես նոր հայտարարություն, որը մինչև հիմա չի եղել: «Պարզապես շեշտադրումը դրվել է այնտեղ, որ Ղարաբաղի մասնակցությունը կապահովի բանակցությունների լիարժեքությունը»,- եզրափակեց նա: