կարևոր
3712 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-09 14:07
Քաղաքական

Չեմ բացառում, որ Ադրբեջանը լայնածավալ հարձակման գնա․ Արմեն Ռուստամյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը չի բացառում, որ Ադրբեջանը միանգամից հարցը լուծելու համար, այս անգամ լայնածավալ հարձակման դիմի:

«Եթե էսկալացիայի վտանգ չկա` ինչո՞ւ է իշխանությունը վախեցնում մեր ժողովրդին պատերազմով։ Վերջերս Նիկոլ Փաշինյանն այցելել էր սահմանամերձ գոտի, որտեղ պատրաստվում են տարածքներ հանձնել, ահաբեկել էր պատերազմով: Եթե որևէ վտանգ չկա` պետք  չէ ժողովրդին վախեցնել,  բայց, իրականում, դա այդպես չէ։ Սա շատ հստակ ծրագրված գործընթաց է. այնտեղից վախեցնում են, այստեղից վախեցնում են ու ստեղծում տպավորություն, որ  ուրիշ ճանապարհ չունենք, պետք է զիջենք, որ կարողանանք գոյատևել», -լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նրա խոսքով՝ բանավոր խոսակցությունները զուգորդվում են սահմանային լարվածություններով, որ  Ադրբեջանն ու Թուրքիան ստանան իրենց համար ընդունելի արդյունքներ ու հասնեն իրենց նպատակին:

«Մինչև  հայկական ինքնության վերացումը,  մինչև հայկական գործոնի վերացումը ու Հայաստանի վերածումը «Արևմտյան Ադրբեջանի»: Բնականաբար,  այս ընթացքն իրականացվում է այս ահաբեկչական մթնոլորտը ստեղծելով, մենք  էլ ասում ենք` թույլ ենք, անկարող ենք: Ես չեմ բացառում, որ Ադրբեջանն այս անգամ նաև լայնածավալ հարձակման գնա, որ միանգամից խնդիրը լուծի, լոկալ բախումների միջոցով միշտ հասել է արդյունքների»,- նշեց «Հաայստան» խմբակցության պատգամավորը:

Նա ասաց՝ երբ Հայաստանից ասվում է, որ այդ տարածքներն իրենցն են, դրանով նրանց հրավիրում ենք այդ տարածքներ մտնել, այդ թվում՝ նաև զորքով:

Ըստ Ռուստամյանի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակն է Հայաստանը բերել այն վիճակի, որ որևէ կարողություն անգամ չունենա` պաշտպանելու իր նվազագույն  շահերը: «Նրանք հստակ ծրագիր են դրել՝ չեզոքացնել հայկական գործոնը տարածաշրջանում»,- հավելեց պատգամավորը:

Մանրամասն՝ տեսանյութում