Փոխարժեքներ
20 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.97 |
EUR | ⚊ | € 410.79 |
RUB | ⚊ | ₽ 3.89 |
GBP | ⚊ | £ 491.54 |
GEL | ⚊ | ₾ 142.35 |
ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես դեռ չի սկսվել, բայց շատ հայկական լրատվամիջոցներ արդեն մոտ են այն ավարտելուն և Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական բացարձակ մեծամասնության առաջնորդ հռչակելուն: Ամոթն էլ լավ բան է: Համատարած գրագողություն է այսօր մամուլում, կրկնում են միմյանց, ընդհուպ` նույն նախադասություններով: Եվ ուղեղների լվացման այս տոտալ գործընթացը, ամենայն հավանականությամբ, զանազան պատրվակներով դեռ կշարունակվի մինչև դեկտեմբերի 9-ի ժամը 20:00-ն:
Մանավանդ Երևանի ընտրություններից հետո մեզ «ադապտացրել» են այն մտքին, որ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքն արդեն հաղթել է ԱԺ ընտրություններում, և այդ ընտրությունների միակ ինտրիգն այն է, թե էլի ո՞ր ուժերին կհաջողվի հաղթահարել անցողիկ շեմը: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ մեզ քաջ ծանոթ այն իրավիճակը, որ եղել է ԱԺ նախընթաց ընտրություններում, երբ ՀՀԿ-ն էր «հաղթած-պրծած», և մյուսները պայքարում էին խորհրդարանական մի քանի աթոռի համար միայն: Նույն ձեռագրի հե՞տ գործ ունենք: Չի բացառվում, մանավանդ` նույնն է նաև սրա հետևանքը, այսինքն` ժողովուրդը զանգվածի հոգեբանությամբ գնում և ձայն է տալիս մեկ ուժի:
Մեր ընդդիմախոսները կարող են պնդել, որ այն ժամանակ ուրիշ էր, ՀՀԿ-ն ընտրակաշառք էր բաժանում, լծակներ օգտագործում, իսկ «Իմ քայլը» նման բաներ չի անում: Թույլ տվեք չհամաձայնել, որովհետև արդեն իսկ ակնհայտ է, որ պարզապես փոխվել են ընտրակաշառք բաժանելու ձևերն ու լծակների օգտագործման եղանակները: Ավելին ասեմ` «Իմ քայլն» այսօր այդ ամենը բացահայտ է անում` ազգուտակին ամբողջական քաղաքներ ու գյուղեր «նվիրելով», բանից անտեղյակ զանգվածներին պետական ապարատ խցկելով, առավել միամիտներին` պրակտիկանտների անվան տակ, նախարարություններում աշխատանք խոստանալով, անգամ ՀՀԿ-ից «պոկված» օլիգարխների «արջի ծառայություններից» օգտվելով: Ուրիշ ի՞նչ է պետք հասկանալու համար, որ իշխանության եկած ուժն այս պահին առաջնորդվում է «հաղթանակի համար բոլոր միջոցներն են արդարացված» սկզբունքով:
Ներողություն, բայց մենք գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որոնց նպատակն, ի վերջո, իշխանափոխությունից հետո Հայաստանում ստեղծված աննորմալ վիճակի կարգավորումն է և օրինական իշխանության ձևավորումը: Եթե նոր իշխանությունը պետք է լինի «Իմ քայլը»-ի մենիշխանություն, ապա կարելի է նույնիսկ չկասկածել, որ դեկտեմբերի 9-ին հեղափոխությունը ոչ թե կհասնի իր տրամաբանական ավարտին, այլև կկնքի իր մահկանացուն` գերեզման տանելով նաև հանրության հույսերը, թե Հայաստանում բան է փոխվել:
Հիմա մի փոքր հետ գնանք և հիշենք, թե հանրությանն ինչ էին ասում Երևանի ընտրություններից առաջ: Քննարկման տեսանկյունից հետաքրքիր ոչինչ էլ չէին ասում: Կեսս սև էինք, կեսս` սպիտակ, կեսս հեղափոխական էինք, կեսս` հակահեղափոխական: Սա չէ՞ր ամբողջ քարոզչությունը: Եթե մի այնպիսի բան էլ են ասել, որ չենք հիշում, ապա պատրաստ ենք ներողություն խնդրել և ընդունել մեր պարտությունը: Բայց չէ, կարծես հիշեցի` ասում էին նաև, որ Երևանի ընտրություններում հաղթանակը հեղափոխության հաղթանակն է լինելու: Ինչ արած, հիմա մեզ մնում է միայն վայելել այդ հաղթանակի պտուղները, որոնք խնդիրների տեսքով թափվում են հանրության գլխին:
Այսօր էլ նույն բանն են ասում` քաղաքական ուժերին «հեղափոխականների» և «հակահեղափոխականների» բաժանելով: Փոխվել է միայն ասելու տեխնիկան, իսկ նպատակը նույնն է` հանրությանը համոզել, որ այս փուլում չի կարող որևէ ուժ այլընտրանք լինել «Իմ քայլը» դաշինքին, որովհետև «Իմ քայլն» արդեն ընտրողին արել է ամենամեծ առաջարկը` «հեղափոխությունը»: Մեկնելով սրանից՝ լրատվակայքերից մի քանիսը գրում են. «Ընտրությանը մասնակից մյուս ուժերը ուղղակի անկարող են առաջարկել այլընտրանք: Այլընտրանքի տարբերակները կարող են լինել հեղափոխությունը կիսատ թողնելը կամ հետ շրջելը: Դա կարող է լինել որևէ այլընտրանքի բովանդակություն: Մինչդեռ այդպիսի բովանդակությամբ ներկայանալ հանրությանը, կնշանակի գնալ ինքնասպանության…»: Ի՞նչ է նշանակում «հեղափոխությունը կիսատ թողնել կամ հետ շրջել» արտահայտությունը, եթե ոչ` հակահեղափոխություն: Ուզում են ասել` ով որևէ այլընտրանք կներկայացնի, ուրեմն հակահեղափոխական է, ուզում են ասել` մեկ ուժի տեսակետներն ու կամքն արդեն օրենք են մյուսների համար, մեկ ուժի համակիրների քվեն պարտադիր է մնացած ընտրողների համար:
Ասվածին հետևում է նաև հռետորական հարցը. «Այդ դեպքում ինչո՞ւ մասնակցել եւ ինչպե՞ս: Դա իսկապես բարդ հարց է մյուս մասնակիցների համար»: Խոստովանեմ` հարցն, իրոք, բարդ է, բայց միայն այն տեսանկյունից, թե ինչպես մասնակցել: Իսկապես բարդ է կարճ ժամանակամիջոցում կազմակերպվելը, ուժերը մոբիլիզացնելը, տեղամասային ընտրական հանձնաժողովները համալրելը, քարոզչական շտաբներ և ենթաշտաբներ ձևավորելը, նախընտրական ցուցակներ կազմելը: Այս դժվարությունները մյուսների համար հարուցել է հենց իշխանությունը: Իսկ ահա «ինչո՞ւ մասնակցել»-ը շատ ավելի դյուրին հարց է, որն ունի նույնքան պարզ պատասխան` քաղաքական ուժը պետք է մասնակցի քաղաքական գործընթացին: Կրկնում եմ` քաղաքական գործընթացին: Պարզապես չի կարելի քաղաքական գործընթացը, ընտրությունը` մանավանդ, վերածել Աբովյանի ասած` «մեկ էշի հարսանիքի» և էս գլխից հայտարարել, որ մյուսներն այնտեղ անելիք չունեն:
Չի բացառվում, որ «հեղափոխական» իշխանությունները երազում էին, որ ընտրությունները հենց դեկտեմբերին անցկացնելու դեպքում հիմնական քաղաքական ուժերը կհրաժարվեին դրանց մասնակցելուց: Դա էր, հավանաբար, պատճառը, որ նրանք ափալ-թափալ «քույր» կուսակցություններ էին գրանցում, որպեսզի մյուսների հրաժարման դեպքում աշխարհին ցույց տան, թե բազմակուսակցական ընտրություններ են տեղի ունենում Հայաստանում: Ինչպես տեսանք, այդ հնարքը չանցավ, և առնվազն խորհրդարանական ուժերն ընդունեցին մարտահրավերը: Հենց դա է պատճառը, որ իշխանություններին սպասարկող լրատվամիջոցները, իրար հերթ չտալով, գրում են Փաշինյանի գլխավորած ուժին այլընտրանք չլինելու մասին և հարցնում`«տեսնես ինչո՞ւ են մասնակցում մյուսները»…
Իսկ այլընտրանք միշտ էլ կա: Հո չի՞ կարելի անընդհատ հեղափոխություն անել, մարդկանց սոցիալական խնդիրները չլուծելով` նրանց կերակրել գեղեցիկ, հոգեպարար խոսքերով, օրական մի նոր «օյին զարդարել» արտաքին գործերում և երկիրը կանգնեցնել նորանոր մարտահրավերների դեմ, տնտեսությունը ոչնչացնել և հայտարարել զարգացման մասին, հորթի հայացքով հետևել համատարած գնաճին և ուրախանալ ընկերական շրջապատի աշխատավարձերի եռապատկմամբ: Ի վերջո, արդեն իսկ պատկերացնելի է նաև, թե համապետական ընտրություններով հայությունն ինչպես կարող է արձագանքել եկեղեցու, բարոյական ու ազգային արժեքների դեմ մեզանում տեղի ունեցած և շարունակվող այլանդակություններին:
Իմ կարծիքով` ամենաբարդը հենց Փաշինյանի ու նրա գլխավորած ուժի վիճակն է: Այլապես այդ ուժն այսօր չէր ապավինի իրավապահ մարմինների աջակցությանը, որոնք բռնոցի են սկսել նաև այն գործիչների նկատմամբ, որոնք փորձում են այլ` ոչ իշխանահաճո դաշինքների և կուսակցությունների միանալ: Սա էլ` վախի մթնոլորտի առումով, որ ունենք որպես նախընտրական մթնոլորտ:
Էդիկ Անդրեասյան