կարևոր
1078 դիտում, 3 ժամ առաջ - 2025-07-14 14:23
Քաղաքական

Էրդողանը ուշադիր հետևել է Աբու Դաբիում հայ-ադրբեջանական հանդիպումներին

Էրդողանը ուշադիր հետևել է Աբու Դաբիում հայ-ադրբեջանական հանդիպումներին

Հուլիսի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հայտարարության համաձայն՝ օրակարգում եղել է ահաբեկչության դեմ պայքարն ու հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը:

Էրդողանն ընդգծել է, որ «Թուրքիան առանց ահաբեկչության» տեսլականի իրականացման գործընթացում կարևոր քայլ է կատարվել և հավելել, որ այն վճռականորեն շարունակելու են:

Էրդողանը նկատի է ունեցել Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ինքնալուծարումն ու զենքերը վայր դնելու գործընթացը։ Դրա վկայությունը հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում քուրդ զինյալների՝ թուրքական կողմին զենքերի հանձնելու գործընթացն էր:

Թուրքիայի նախագահը նաև մատնանշել է Թուրքիա-ԱՄԷ ռազմավարական համագործակցության դրական ընթացքը։ Կարծիք է հայտնել, որ երկու երկրները թե՛ ռազմարդյունաբերության և թե՛ նորարարական տեխնոլոգիաների ոլորտում մեծ պոտենցիալ ունեն:

Անդրադառնալով հուլիսի 10-ին մայրաքաղաք Աբու Դաբիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպումներին՝ Էրդողանը նշել է, որ ուշադիր հետևել է այդ գործընթացին և որ իրենք շարունակելու են Կովկասում խաղաղության ապահովմանն ուղղված քայլեր իրականացնել: