կարևոր
1636 դիտում, 7 ժամ առաջ - 2025-07-13 17:10
Քաղաքական

Ահաբեկչության կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանե եղել են անհիմն․ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

Ահաբեկչության կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանե եղել են անհիմն․ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

Կրկին փաստում ենք, որ, ինչպես արձանագրել էինք մեր նախորդ հայտարարություններում, ահաբեկչության կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանե եղել են անհիմն։ Այս մասին նշվում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի տարածած հայտարարության մեջ:

«Տեղեկացնում ենք, որ այսօր՝ հուլիսի 13-ին, ՁՊՎ-ից ազատ են արձակվել նախորդ օրերին ապօրինի կերպով ձերբակալված անձանցից հինգը։

Նրանցից որևէ մեկի նկատմամբ մինչ այս պահը որևէ մեղադրանք չի առաջադրվել՝ իրավական հիմքերի բացակայության պատճառով։

Ավելի վաղ երկու ամսով կալանավորվել է տասնութամյա Անդրանիկ Չամիչյանը, ում մոտ հայտնաբերվել էին բացառապես օրինական և սթրայքբոլ խաղի համար նախատեսված պարագաներ։

Ձերբակալվածներից մեկ այլ քաղաքացու նկատմամբ, որի բնակարանում ավելի ուշ հայտնաբերվել էր մեկ նռնակ, նույնպես կիրառվել է երկամսյա կալանք։ Ուշագրավ է, որ այս դեպքում մեղադրող կողմը հրաժարվել է ահաբեկչության կազմակերպման մեղադրանքից, և քաղաքացին կալանավորվել է միայն ապօրինի զինամթերք պահելու մեղադրանքով։

Այսպիսով, կրկին փաստում ենք, որ, ինչպես արձանագրել էինք մեր նախորդ հայտարարություններում, ահաբեկչության կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանե եղել են անհիմն։ Կրելով բացահայտ քաղաքական ենթատեքստ ու նպատակադրում՝ դրանք նպատակ էին հետապնդում մոլորեցնել և ահաբեկել հանրությանը։

Շինծու այս քրեական գործերի բոլոր մանրամասները հանրությանը ներկայացնելու նպատակով, երկուշաբթի՝ հուլիսի 14-ին, ժամը 14:00-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում (Հանրապետության 30) կկազմակերպվի մամուլի ասուլիս՝ գործով ներգրավված փաստաբանների մասնակցությամբ։

ԶԼՄ բոլոր ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու ասուլիսը», - ասվում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի տարածած հայտարարության մեջ: