Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրեցինք, որ երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ձեռնադրության 50-ամյակի առիթով տեղի է ունեցել ճաշկերույթ, որին մասնակցել են նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկին Աննա Հակոբյանը:
Ճաշկերույթի ընթացքում ընթերցվել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ուղերձը, որից հետո ելույթ է ունեցել նաև Փաշինյանը:
Ճաշկերույթի ընթացքում ելույթով հանդես եկած Արամ Ա-ն նախ շնորհակալություն է հայտնել երեկոյի կազմակերպման և ջերմ շնորհավորանքների համար: Անուհետև Հայրապետն ընդգծել է, որ մեր կյանքի իմաստն ու նպատակը չի կարող լինել այլ բան, քան ծառայությունը: Նա նշել է, որ իր` 50-ամյա հոգևորականի կյանքում իր ծառայությունն է մատուցում`ազդվելով իր նախորդ երեք կաթողիկոսներից և լինելով նրանց անջնջելի հետքերով կազմավորված անհատ:
Խոսքն ուղղելով Փաշինյանին` Վեհափառն ընդգծել է, որ թավշյա հեղափոխության առաջին իսկ օրերից ինքը կապ է հաստատել նրա հետ և շեշտել հեղափոխության կարևորությունը Հայաստանի հզորացման հարցում:
Անդրադառնալով Սփյուռքին` Հայրապետն ասել է. «Հարկադրաբար Հայաստանէն հեռու ապրած է Սփիւռքը, տագնապած է անոր ցաւերով եւ ուրախացած անոր վերանկախացումը տեսնելով, սակայն մեր ժողովուրդը ոչ միայն կ՚ուզէ տեսնել անկախացած Հայաստանը, այլ՝ Հայաստանը կ՚ուզէ տեսնել Արարատո՛վ։
Այս հանգրուանին, պէտք է հզօրացնենք Հայաստանը ի խնդիր Մեծ Հայաստանին։ Զօրացնենք Սփիւռքը, որպէսզի Հայաստանը աւելի հզօրանայ։ Հայաստանը հզօրացնենք, որպէսզի Սփիւռք-Հայաստան-Արցախ եռամիութիւնը փոխադարձ հասկացողութեամբ, ամբողջական համագործակցութեամբ, դերերու յստակեցումով, աշխատանքի բաժանումով, սակայն մէկ ազգի, մէկ հայրենիքի եւ մէկ ապագայի տեսլականով քալենք դէպի ժողովուրդի պայծառ ապագայ։ Հետեւաբար, իմ սպասումս է, որ Հայաստանի մէջ մեր ժողովուրդի մասնակցութեամբ յառաջացած թաւշեայ յեղափոխութիւնը այս գիտակցութեամբ ու հաւատքով հզօրացնէ մեր հայրենիքը։ Կը վստահեցնեմ ձեզի, թէ Սփիւռքը, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը ձեզի հետ է, Հայաստանին հետ է, Արցախին հետ է»: