Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ով ուզում է հայ զինվորականին ապահովագրված տեսնել՝ միջոցներ է որոնում, ով չի ուզում՝ պատճառներ:
Կարդացի կողմ և դեմ բազում գրառումներ ու մեկնաբանություններ: Գաղափարը պետք չէ փչացնել, եթե իրոք մտահոգությունից ու անվստահությունից են բխում ոմանց բացասական կարծիքները: Ուղղակի պետք է մտածել և առաջարկել թափանցիկ ու վերահսկելի որևէ մեխանիզմներ:
Իսկ իշխանությունը մի կարևոր ու առաջնային հարց ունի լուծելու. Վերականգնե՛լ ժողովրդի հավատն ու վստահությունը:
Մնացած հարցերն ավելի հեշտ կլուծվեն:
Այո՛, թալանողներ, գողեր, քցողներ ու այլ տարատեսակ տականքներ միշտ էլ եղել են ու կան: Ու լինելու են: Երբեք ու ոչ մի տեղ սուրբ ժամանակներ ոչ եղել են, ոչ էլ լինելու են: Վատն ու լավը մեկ շատ են լինելու, մեկ քիչ: Այո, կողմնակից եմ, որ այն մարդիկ, ովքեր օրինական շատ են վաստակում, ովքեր շատ են ֆինանսական միջոցներ կուտակում՝ արժանապատիվ լինեն ու ունենան այնքան բարձր գիտակցություն, որ հասկանանով, թե ում միջոցով է իրենց անվտանգ կյանքն ապահովվում՝ 1000 դրամի փոխարեն տասնապատիկ ավելին տան:
Այո՛, կողմնակից եմ, որ անօրինական հարստացողներին բացահայտեն, բռնագրավեն գողոնը, վերադարձնեն պետբյուջե, պատասխանատվության ենթարկեն, օրենքի առաջ բոլորին դարձնեն հավասար: Սա երկրորդ կարծիք չի կարող ունենալ: Բայց պետք չի ամեն ինչ խառնել իրար, մեկը մյուսով պատճառաբանել:
Պետք չի տարբեր պատճառաբանություններով ստվերել Համաժողովրդական դառնալու միտում ունեցող գեղեցիկ ու վսեմ այս նախաձեռնությունը, այն որակել որպես պետության անճարակություն կամ հանրության վրա բարդվող լրացուցիչ ծանրաբեռնվածություն:
Ազգ - Բանակ հասկացությունը եթերային չի, այն պետք է միս ու արյուն ունենա: Եվ այս ողջունելի նախաձեռնությունը նրա տարրերից մեկն է:
Մի պահ պատկերացրեցի, որ ողջ հայաստանաբնակ հանրությամբ մասնակից ենք այս նախաձեռնությանը: Ու որպես օտարերկրացի՝ լսում եմ այդ մասին: Ինչպիսի՜ հարգանքով կլցվեմ նման հանրության հանդեպ: Ու որպես Հայաստանի թշնամի եմ լսում: Որքա՜ն զգուշավոր կդառնամ նման հանրության հանդեպ, որն ապրելով տնտեսապես թույլ երկրում, ունենալով բազում սոցիալ-իրավական խնդիրներ՝ նման համաժողովրդական նախաձեռնությամբ է ապահովագրում իր Պաշտպանին ...
Ես աշխատում եմ: Իմ ամսական աշխատավարձի 30%-ը վճարում եմ տան վարձ, քանի որ սեփական բնակարան չունենալով՝ վարձով է ընտանիքս ապրում: 10-20%-ը վճարում եմ կոմունալ և այլ ծառայությունների համար: Ունեմ վճարովի հիմունքով սովորող երեք ուսանող: Մյուս ֆինանսական միջոցներ պահանջող խնդիրներին չանդրադառնամ:
Բայց այսքանով հանդերձ՝ սիրով ընդունեցի այս գաղափարը:
Որովհետև ամեն մի զինվորականի կյանք՝ ինձ համար ավելի թանկ է, քան ինչ որ 1000 դրամը: Ես հաստատ լրացուցիչ միջոց չեմ ծախսելու այս ուղղությամբ: Ուղղակի մի օր, երբ հոգնած կլինեմ ու կցանկանամ տաքսիին 1200 դրամ վճարելով տուն գալ՝ այդ օրն էլ կօգտվեմ հասարակական տրանսպորտից: Հաստատ իմ հոգնածությունն ավելին չարժէ, քան մարտական դիրքում ծառայություն տանող զինվորականի դժվարությունը: Եղել եմ այդ դերում, լավ գիտեմ:
Ամսվա մեջ ինչ որ բանից չնչին քիչ կօգտվենք (ամսվա յուրաքանչյուր օրվա մեջ՝ 33,3 դրամի չափով), ոչինչ, բայց խիղճս հանգիստ կապրեմ:
Ես հիմա կոչ չեմ անում, ուղղակի իմ անձնական մոտեցումն եմ հրապարակային արտահայտում, ամեն մարդ ինքն իր մեջ պետք է խորհի ու իր քայլն անի: Ինձ համար միևնույն է, թե ով՝ ինչպես: Բայց կցանկանամ հպարտ ու կենսունակ ԱԶԳԻ ներկայացուցիչ լինել:
Հ.Գ. Ոչ մի այլակարծիք մեկնաբանության անհրաժեշտություն չեմ զգում: Սա իմ քաղաքացիական դիրքորոշումն է: Հայաստանի ազատ քաղաքացու դիրքորոշումը:
-------------------------------------------------------------------------
Հ.Հ.Գ. Իսկ սա՝ առաջարկվող ապահովագրումն է.
«2017թ. հունվարի 28-ից (բանակի 25-րդ տարեդարձի օրվանից) ծագող դեպքերի համար կնախատեսվեն նոր, զգալիորեն ավելացված վճարներ:
Զոհված եւ առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողի ընտանիքները կստանան միանվագ 10 մլն դրամ ապահովագրական վճար: 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողին կհատկացվի միանվագ 5 մլն դրամ ապահովագրական վճար:
Զոհվելու կամ առաջին կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում ամսական ապահովագրական վճարները կկազմեն` 300 հազար դրամ սպայական անձնակազմի, 250 հազար դրամ ենթասպաների եւ 200 հազար դրամ շարքայինների դեպքում:
Երկրորդ կարգի հաշմանդամների դեպքում այդ վճարները համապատասխանաբար կկազմեն 250, 200 եւ 150 հազար դրամ:
Այդ գումարը, որպես ապահովագրական վճար, կվճարվի 20 տարի շարունակ՝ կազմելով սպայական անձնակազմի համար 82 մլն դրամ, ենթասպայական անձնակազմի պարագայում՝ 70 մլն դրամ եւ շարքայինների դեպքում՝ 48 մլն դրամ:
Հաշմանդամների պարագայում, հիմնադրամի արդյունավետ գործունեության եւ ֆինանսական միջոցների առկայության դեպքում, հիմնադրամի խորհուրդը կկարողանա 20 տարի անց որոշում կայացնել այդ վճարումների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ: Հակառակ դեպքում, 20 տարի անց հաշմանդամ զինծառայողները կսկսեն ստանալ սոցիալական ապահովության նպաստ՝ այն չափով, որքան պետության կողմից այդ ժամանակ սահմանված կլինի:
Ծրագիրը ֆինանսավորվելու է հատուկ հիմնադրամի միջոցով, որին աշխատող յուրաքանչյուր անձ ամսական վճարելու է հազար դրամ: Հիմնադրամը նաեւ հավաքագրելու է կամավոր նվիրաբերություններ: Գումարը ծախսվելու է բացառապես ապահովագրական վճարները վճարելու նպատակով: Ձեւավորվելու է ծրագրի խորհուրդ` հասարակության հարգանքն ու վստահությունը վայելող անձանցից, որը վերահսկելու է հասարակության համար եւս ամբողջությամբ թափանցիկ եւ հրապարակային այդ գործընթացը:
Ծրագիրը նախագծված է «ազգ-բանակ» տրամաբանության մեջ, որտեղ ամբողջ հասարակությունն իր վրա է վերցնում Հայրենիքի պաշտպանի սոցիալական բեռը, իսկ բանակն օգնում է այդպիսի վիճակում հայտնված իր զինծառայողին կամ զոհվելու դեպքում` նրա ընտանիքին»:
Արթուր Եղիազարյանը: