կարևոր
1993 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-15 10:04
Քաղաքական

Մեր առջև դրված է երկու ճանապարհ. այժմ դա տեսանելի է նրանց, ովքեր ուզում են տեսնել. Արա Պողոսյան

Մեր առջև դրված է երկու ճանապարհ. այժմ դա տեսանելի է նրանց, ովքեր ուզում են տեսնել. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Եթե ավելի պարզ, ապա մեր առջև դրված է երկու ճանապարհ։ Այժմ դա տեսանելի է նրանց, ովքեր ուզում են տեսնել, բայց վաղը, երբ վրա կհասնի վճռական պահը, տեսնելու են բոլորը, բայց անդառնալիության կետը անցած ենք լինելու։

Ճանապարհ 1-ը Փաշինյանի առաջարկած ճանապարհն է, որով Հայաստանը կլինի խեղանդամ և մեծ հաշվով ձեւական պետություն։ «Ինքնիշխանության» (իրականում կործանման) մունետիկների գործողությունների արդյունքում Հայաստանը կկորցնի իր ռազմավարական նշանակության տարածքները, որոնց տիրանալով թշնամին նաև ռազմական վերահսկողություն է հաստատելու երկրի վրա։ Իսկ դրանից հետո վերահսկելու է թե' ռազմական տեղաշարժը, թե այն, ինչպես ու ինչքան կարող ենք զինվել, ժողովրդի մեծ մասը կլքի Հայաստանը, որովհետև պատրաստ չի լինի ապրել այդպիսի ծանր ու նսեմացուցիչ պայմաններում, ու լքողների մեծ մասը լինելու են այսօրվա կործանման արդարացնողները, իսկ մյուս մասը պատրաստվելու է անելանելի պատերազմի նույնպիսի վերջաբանով, ինչպես Արցախի դեպքում։ Ու այս ամենը միանգամից չի լինելու, այլ դանդաղ, որպեսզի սովորական հարմարվողները ադապտացվեն նոր պայմաններին (ինչպես գորտի փորձի դեպքում)։

Ճանապարհ 2-ը պահանջում է Փաշինյանի անհապաղ հեռացում և ճկուն քաղաքական թիմի առկայություն` միաժամանակ էնտուզիաստ և պրոֆեսիոնալ։

Նրանց խնդիրը պետք է լինի բանակցային ժամանակավոր դադարի հաստատում` միջազգային երաշխիքներով։ Վերականգնել արդարության մթնոլորտը (գոնե հարաբերական արդարության) և հասարակությանը բերել ընդհանուր կոնսենսուսի Հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջ. «ամեն ինչ հանուն անվտանգության» սկզբունքով։

Միաժամանակ դաշնակիցների շրջանակի ձեւավորում, պետական նպատակի հստակեցում և դոկտրինալ պրոակտիվ արտաքին քաղաքականության իրականացում։

ԶՈՒ խորքային բարեփոխումներ առանց իմիտացիայի և ցուցադրականության։
Ռազմավարական սպառազինության ձեռքբերում։

Պաշտպանական շրջանների ձեւավորում ըստ աշխարհագրական հնարավորությունների օգտագործման...

Սահմանել մոբիլիզացիայի եռաստիճան համակարգ (դրա մասին հետո կխոսենք), անվտանգության ապահովման համակարգի բաղադրիչ դարձնել պրոքսի ուժերի ներգրավման և օգտագործման հնարավորությունը։ Անվտանգությունը ամեն ինչից կարևոր է...
Հ.Գ. Էլի լիքը բան կա, բայց միանգամից չէ...»։