կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-31 12:38
Քաղաքական

Համաներում ստացած անձինք կփոխհատուցեն տուժածներին հասցրած վնասները

Համաներում ստացած անձինք կփոխհատուցեն տուժածներին հասցրած վնասները

Համաներումը լուրջ մարդասիրական երևույթ է. ԱԺ-ում համաներում հայտարարելու հարցի քննարկման ժամանակ  ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: «Ես նույնպես հարգում եմ և համա,իտ եմ, որ տեղի ունենա համաներում»,- ասաց նա: 

Սարգսյանն արդարադատության նախարարի պաշտոնակատարից հետաքրքվեց. «Ընդունենք` մարդիկ դուրս եկան կալանավայրերից համաներման արդյունքում, իսկ մեր տուժողների նյութական և բարոյական վնասի վերականգնման, հատուցման խնդրի լուծումն ինչպե՞ս եք տեսնում, և ի՞նչ մասնակցություն կարող է ցուցաբերել պետությունն այս կարևորագույն գործում»:

Զեյնալյանը պատասխանեց, որ քրեական գործով հաստատված դատավճռով, երբ որոշվում է պատճառված վնասը, և եթե բացակայում է քաղաքացիական հայցը, ապա ԴԱՀԿ ծառայության և այլ ինստիտուտի կողմից կատարման ենթակա չէ: «Եթե մենք դնենք այդ նախապայմանը, որ անձը, քանի դեռ չի հատուցել վնասը, ազատ չի արձակվում, այստեղ ստացվում է` այդ վնասի հատուցումը փրկագին է: Մենք նախատեսել ենք մի ընթացակարգ, որը թույլ է տալիս ներգրավել ԴԱՀԿ ինստիտուտը, որպեսզի քաղաքացիական հայց լինի, լինի կատարողական թերթ, և այն հնարավոր լինի կատարել»,- ասաց նա և պարզաբանեց, որ եթե անձն ունի պատճառած վնաս և այն չի հատուցել, մինչև վերջ պատիժը կրելուց հետո հատուցման մշակված մեխանիզմներ չկան, եթե ընդգրկված չէ ԴԱՀԿ ծառայությունը:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով` իրենք լուծել են երկու խնդիր: «Նախ` անձինք, որոնք վնաս են պատճառել, նրանց հնարավորություն է տրվում ազատ արձակվել և վաստակել միջոցներ` հատուցելու հասցված վնասը. գործնականորեն հնարավորություն է ստեղծվում տուժողների համար` ստանալ իրենց հասցված վնասը: Մենք փորձել ենք հավասարակշռել սա: Իսկ գործող կարգով եղել է այսպիսի պայման` անձը կազատվի պատժից, եթե փոխհատուցի վնասը»,- բացատրեց նա:

Սարգսյանը  նշեց, որ այս հարցը պետք է կանոնակարգվի օրենքով, կամ պետությունն ինչ-որ կերպ մասնակցություն ունենա, որ, հանաներում շնորհելով, վերաբերմունք է ցուցաբերվում նաև տուժողի իրավունքներին:

Զեյնալյանն արձագանքեց, որ պետության պոզիտիվ պարտականությունների բաղկացուցիչ մաս է այն, որ այնպիսի հանցագործություններ, ինչպիսին խոշտանգումն է կամ կյանքի իրավունքից զրկելը, բացահայտվեն, հանցագործություն կատարած անձինք ստանան պատիժ և կրեն պատիժը մինչև վերջ: Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այս հանցագործների վրա չի տարածվում համաներումը, և սրանով պետությունը կատարում է տուժողների նկատմամբ ունեցած պոզիտիվ պարտավորությունները:

Զեյնալյանը կրկնեց, որ իրենք մինչև հիմա գործած կարգը կատարելագործել են, հնավարություն տվել ներգրավելու նաև ԴԱՀԿ-ին, որպեսզի լինի կատարողական թերթը, և եթե համաներված անձը գույք ձեռք բերի, ապա պետությունը կարողանալու է այդ գույքը վերցնել և տալ տուժողին, իսկ գործող կարգով դատապարտյալը կրում է պատիժը մինչև վերջ, և վնասը չի փոխհատուցվում:

Նիստը վարող` ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ տեղեկացրեց, որ այս հարցը քննարկվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, և նախարարը ներկայացնում է այն մոտեցումները, որոնք մշակվել են հանձնաժողովում: «Մենք այս հարցի համատեքստում շարունակելու ենք առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում աշխատանքները, որպեսզի ապահովվի ինչպես հանցանք կատարած անձանց, այնպես էլ տուժողների, նրանց իրավահաջորդների շահերի պաշտպնությունը»,- ասաց նա: