կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-27 14:22
Հասարակություն

Պատերազմում վիրավորում ստացած անձինք միանվագ կստանան 500․000 դրամ

Պատերազմում վիրավորում ստացած անձինք  միանվագ կստանան 500․000 դրամ

Կառավարությունը այսօրվա՝ հունվարի 27-ի նիստում հաստատեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը:

Հարցը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ այս նախագծով առաջարկվում է պատերազմի ժամանակ վիրավորում ստացած անձանց հատկացնել միանվագ սոցիալական աջակցություն՝ 500 հազար դրամի չափով,, բացառությամբ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողների: Նրանք արդեն ստանում են ֆինանսական աջակցություն:

Նախարարն ընդգծեց, որ այստեղ ներառված են բոլոր անձինք, ոչ միայն ժամկետային զինծառայողները, այլև աշխարհազորայինները, կամավորականները:

«Նպատակն այն է, որ թեև որոշ անձանց մոտ վիրավորումները թեթև են եղել, սակայն այդ անձինք նաև որոշակի ժամանակ են կորցրել, աշխատունակության հետ կապված խնդիր են ունեցել: Ըստ այդմ՝ շահառու կհանդիսանան մոտ 6000 քաղաքացիներ: Իսկ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողների թիվը չի գերազանցում հազարը: Այս պահի դրությամբ արդեն 200 հոգի անցել է բժշկասոցիալական փորձաքննություն և ստացել հաշմանդամության խումբ: Ամպուտացվաի անձանց թիվը չի գերազանցում 120-ը, որոնք անհրաժեշտություն են ունենալու պրոթեզովորման»,- ասաց Առաքելյանը՝ հավելելով, որ առնվազն 10 օրից մարդիկ կկարողանան ստանալ իրենց գումարները:

Շահառու է համարվում վիրավորում ստացած` բժշկական հաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող (ստացած) անձը, որը չունի հաշմանդամության խումբ կամ ունի/կարող է ունենալ հաշմանդամության երրորդ խումբ: