կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-17 11:41
Հասարակություն

Հայտնի են վերջին օրերի հրդեհների հասցրած վնասները

Հայտնի են վերջին օրերի հրդեհների հասցրած վնասները

Կառավարության այսօրվա նիստում, նախքան օրակարգի հարցերին անցնելը,  ԱԻՆ փոխնախարար Դավիթ Կարապետյանը, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հորդորով, ներկայացրեց վերջին օրերի հրդեհների հասցրած վնասները:

Կարապետյանը նշեց, որ  օգոստոսի  10-ին Վայոց ձորի մարզի Արտավան համայնքի շրջակա անտառում բռնկված հրդեհի մարման աշխատանքներն ամբողջովին ավարտվել են: Ըստ նրա` Վայոց ձորում այրվել է շուրջ 15 կմ պարագծով խոտածածկ տարածք, որից 320 հեկտարը` անտառածածկ: Փորվել են բազմաշերտ խրամատներ՝ հրդեհի տարածումը բացառելու համար:

Կարապետյանը հայտնեց, որ Խոսրովի արգելոցի տարածքում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են երեկ: «Մի քանի օր տևած հրդեհաշիջման աշխատանքներն անցել են չափազանց անբարենպաստ բնակլիմայական պայմաններում՝ լեռնային բարդ ռելիեֆ, տևական երաշտից չորացած խոտածածկ տարածքներ, հրդեհի արագ տարածմանը նպաստող քամիներ: Նախնական տվյալներով՝ Խոսրովի պետական արգելոցի սահմաններում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հեկտարը՝ անտառներ»,- ասաց նա:

Ըստ փոխնախարարի՝ համատեղ ջանքերով հաջողվել է կանխել հրդեհի առավել մեծ տարածումը: Նա նշեց, որ, հաշվի առնելով այն, որ մի կողմից նման խոշոր հրդեհներ Հայաստանում վաղուց չեն եղել, և հանրությունը բավարար չափով տեղեկացված չէ նման հրդեհների դեմ պայքարի դժվարությունների մասին, հանրության շրջանում ձևավորել էին սպասումներ, որ այս աղետը հնարավոր է հաշված րոպեների ու ժամերի ընթացքում չեզոքացնել: «Ավաղ, անտառային խոշոր հրդեհները լուրջ մարտահրավեր են անգամ աշխարհի ամենազարգացած պետությունների համար»,- ասաց Կարապետյանը:

Նրա խոսքով՝ այս դեպքերի վերաբերյալ ԱԻՆ-ում կիրականացվեն մանրակրկիտ ուսումնասիրություններ, կարվեն մասնագիտական հետևություններ՝ քաղված դասերը սերտելու, անտառային հրդեհներին արձագանքելու կարողությունները զարգացնելու նպատակով:

Վաչե Գաբրիելյանն ասաց, որ այս խնդիրը գտնվում է ՀՀ նախագահի ու վարչապետի անմիջական հսկողության ներքո, և երկու նախարարները` ԱԻ և բնապահպանության, այս պահին գտնվում են Վայոց ձորում: «Այս պահին, ըստ էության, խնդիրը լուծված է»,- ասաց փոխվարչապետը: