Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հունիսի 27-28-ը ադրբեջանական կողմից Տավուշի մարզի հայկական դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ իրականացված գնդակոծությունից հետո Այգեպարում արդեն 2 օր է` իրավիճակը հանգիստ է: Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այն պահից, ինչ հայկական դիրքերից հակառակորդի դիրքերի ուղղությամբ պատասխան կրակ արձակվեց, որով ստիպեցին ադրբեջանցիներին դադարեցնել կրակը, Այգեպարում «հարաբերական անդորր» է:
Եվ արդեն հնարավոր է խոսել, թե հակառակորդի գնդակոծության հետեւանքով Այգեպարն ինչ վնասներ կրեց: Ըստ գյուղապետի` գյուղի գազատարն էր վնասվել, փոքրիկ խոտածածկ տարածք էր այրվել, գյուղի տների, դպրոցի, մանկապարտեզի ուղղությամբ արձակված կրակոցներից պատերն են թեթեւ վնասվել, նաեւ` տանիքներ, ապակիներ, գույք…
«Ամենակարեւորը` ոչ մի արտառոց դեպք չունենք գյուղում, այս պահին ոչ մի վտանգավոր բան չկա»,- նշեց գյուղապետը, որի համար արդեն գյուղի ուղղությամբ արձակված կրակոցներն արտառոց չեն:
Նա վերահաստատեց նախապես տարածված այն տեղեկությունները, որ հակառակորդը գյուղի վրա կրակել է խոշոր տրամաչափի` ԴՇԿ տեսակի գնդացիրներից, որի գնդակների հետքերը, բնականաբար, մնում են պատերին, տանիքներին, գնդակներից էլ կան: Իսկ Այգեպարի բնակիչների մոտ, ովքեր, գյուղապետի բնորոշմամբ, խիզախ ու բարձր մարտական ոգով ժողովուրդ են, խուճապ չկա:
«Սպասում ենք տեսնենք` ինչ է, ոնց է… Ու նույնիսկ ոչ թե հետ փախչելու ցանկություն ունենք, այլ դեպի առաջ գնալու…»,- հավելեց Անդրանիկ Այդինյանը: