կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-07 12:39
Հասարակություն

Պարտադիր զինծառայությունից տարկետում ստացած, սակայն ՀՀ հավաքական թիմերի կազմում հանդես գալը դադարեցրած, ՀՀ քաղաքացիություն ստացած օտարերկրացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից. նախագիծ

Պարտադիր զինծառայությունից տարկետում ստացած, սակայն ՀՀ հավաքական թիմերի կազմում հանդես գալը դադարեցրած, ՀՀ քաղաքացիություն ստացած օտարերկրացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից. նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Այն մշակվել է ԿԳՄՍ նախարարության Սպորտի քաղաքականության և Իրավաբանական վարչությունների կողմից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի հանձնարարականը, որը պահանջում է սահմանված կարգով վարչապետի աշխատակազմ ներկայացնել օրենքի նախագիծ, որով լուծում կտրվի այն անձանց պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու խնդրին, ովքեր, լինելով այլ պետության քաղաքացի, ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և հրավիրվել Հայաստանի Հանրապետություն՝ սպորտի բնագավառում հանդես գալու նպատակով, սակայն հանգամանքների բերումով Հայաստանի Հանրապետության հավաքական թիմից դուրս են եկել կամ այլևս միջազգային առաջնություններում հանդես չեն գալիս Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած օտարերկրյա քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի՝ «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» N 89-Ն որոշմամբ, սակայն վերոնշյալ անձինք գործող կարգավորումից դուրս են մնացել:

 

Գործող կարգի համաձայն՝ մարզաձևերի ազգային ֆեդերացիաները յուրաքանչյուր զորակոչի ժամանակ ԿԳՄՍ և քաղաքացու զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում են ներկայացնում տեղեկատվություն քաղաքացու կողմից համապատասխան մարզաձևի ազգային հավաքականում ընդգրկված լինելու վերաբերյալ: Եթե ներկայացված տեղեկատվության համաձայն քաղաքացին ընդգրկված չէ համապատասխան մարզաձևի ազգային հավաքականում, ապա Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որի ընդունումից հետո քաղաքացին հայտարարված զորակոչի շրջանակում ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի սույն փաթեթով ներկայացված լրացումների համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստացած, սակայն Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում կամ միջազգային առաջնություններում Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո հանդես գալը դադարեցրած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած օտարերկրյա քաղաքացիները նույնպես կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից:

Այս կարգավորումը տարածվում է 2009 թվականից հետո ծագած իրավահարաբերությունների վրա, քանի որ Հայաստանի հավաքական թիմերում հանդես գալու համար օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի քաղաքացիություն ստացել են 2009 թվականից հետո:

Այս նախագծի ընդունմամբ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Նախագծի քննարկումը e-draft.am հարթակում կշարունակվի մինչև հունվարի 24-ը: