կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-29 17:12
Մշակույթ

Իմ սիրտն ամեն քանդվող շենքի համար էլ մրմռացել է. Արթուր Մեսչյան

Իմ սիրտն ամեն քանդվող շենքի համար էլ մրմռացել է. Արթուր Մեսչյան

«Հին Երևան»-ն այն նախագծերից է, որ ճարտարապետին ավելի վատ վիճակի մեջ գցել ուղղակի պատկերացնել չէր կարելի: Այսօր քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Նրա խոսքով՝ «Հին Երևան» նախագծում իրարամերժ որոշումներ կան, բայց հույս ունի, որ դա էլ կլուծվի:

«Երևանի գլխավոր ճարտարապետ… Գլխավոր բառից սարսափելի զարզանդում եմ: Առաջինը պետք է հասկանանք, թե քաղաքի ճարտարապետն ով է, ինչ գործառույթներ ունի: Կա մի սխալ կարծիք, թե քաղաքի ճարտարապետը ստեղծագործական պատասխանատվություն է: Ոչ, այդպես չէ: Ես կփորձեմ երևի թե լինել առաջին գլխավոր ճարտարապետը, որն իր գործունեության ժամանակ ոչ մի նախագիծ Երևանի սահմանում չի անելու, քանի որ դա բերում է բավականին տխուր հետևանքների»,- ասաց Մեսչյանը:

Նրա խոսքով՝ անելիքներ շատ կան, գործառույթներ՝ նույնպես, և այդ ընթացքում մտածել ու նախագծմամբ զբաղվելն ուղղակի ծիծաղելի կլինի: Մեսչյանի խոսքով՝ պետք է ճշտել, թե Երևանի գլխավոր ճարտարապետն ինչ կարող է անել ու ինչ չպետք է անի ոչ մի դեպքում:

Հարցին, թե գլխավոր ճարտարապետն ի՞նչ չի կարող անել, Մեսչյանը պատասխանեց, որ եթե սկսի ցուցակով ներկայացնել, այսօր չի հեռանա քաղաքապետարանից: «Ճարտարապետության մասին մի քանի բառով խոսել ուղղակի անհնար է, այնքան բարդ համակարգ է, ո՞ր մեկն ասես»,- հավելեց նա:

Հարցին, թե Երևանի դիմագիծը կկարողանա՞ հետ բերել՝ Մեսչյանը պատասխանեց՝ կփորձի:

«Մի քանի շենք կարո՞ղ է թվարկել, որոնք քանդելիսց իր սիրտը մրմռացել է» հարցին պատասխանեց, թե իր սիրտն ամեն քանդվող շենքի համար էլ մրմռացել է, բայց ինքը դա կանգնեցնելու իրավասություն չի ունեցել:

Լրագրողներից մեկը նշեց, որ Երևանի գլխավոր ճարտարապետները միշտ ունեցել են իշխանության լիարժեք աջակցությունը, ինչին ի պատասխան Մեսչյանն ասաց, որ դա միայն խաբկանք է: «Իմ աջակցությունը քաղաքաշինության օրենքներն են, այն է, որ հնարավոր չափով պետք է մտածեմ քաղաքացիների մասին: Իմ գլխավոր առաքելությունն այն է, որ հեշտացնեմ երևանցիների կյանքը: Ինձ աջակցողն օրենքն է: Իսկ եթե դուք ենթատեքստով հարց եք տալիս, թե ես ունե՞մ աջակցություն քաղաքապետի կողմից, թե՞ ոչ, ապա ասեմ՝ եթե չունենայի, այստեղ կնստեի՞»,- նշեց նա:

Ըստ Մեսչյանի` մեկ ամիս են տևել բանակցությունները, որպեսզի ինքը համաձայնի ստանձնել այդ պաշտոնը: «Ես համաձայնեցի, երբ ամբողջ գործիքակազմը, ինչ անհրաժեշտ է գլխավոր ճարտարապետի համար, ես կարողացա ձեռք բերել: Այ, եթե հիմա չկարողանամ աշխատել, արդեն ոչ մեկին մեղադրել չեմ կարող, քանի որ գրեթե բոլոր խնդրանքներս, որ ուզել եմ` իմ իրավասության ներքո լինի, գրեթե կատարվել են»,- ասաց նա:

Իսկ թե արդյո՞ք ստեղծագործական կյանքին չի խանգարի նոր աշխատանքը, Մեսչյանը նախ հետաքրքրվե՞ց, թե ինչ ստեղծագործական աշխատանքի մասին է խոսքը: Երբ հստակեցվեց, թե ստեղծագործելը նկատի ունեն, պատասխանեց. «Պրծ»: