կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-06 14:32
Մշակույթ

Ես Աֆրիկյանների կառույցին ձեռք չէի տա. Արթուր Մեսչյան

Ես Աֆրիկյանների կառույցին ձեռք չէի տա. Արթուր Մեսչյան
Էթիկական հարց կա՝ չէի ուզի բողոքել Երևանի նախկին ճարտարապետ Նարեկ Սարգսյանից. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
 
Նա նշեց, որ, օրինակ, բոլորը բողոքում են Հյուսիսային պողոտայից, բայց բողոքողների մեծ մասը երեկոյան զբոսնում է այնտեղ: Հյուսիսային պողոտան, ըստ Մեսչյանի, դարձել է Երևանի ամենասիրելի տեղերից մեկը: «Այսինքն՝ Նարեկ Սարգսյանի դեմ լարվածությունը, որը սկսվել է Հյուսիսային պողոտայից, ինձ համար հասկանալի չէ: Ինձ համար հասկանալի կլիներ, եթե այդ փողոցով ոչ ոք չքայլեր, բոլորն ասեին՝ ֆու, էս ինչ է: Երբ ես գլխավոր ճարտարապետ էի, որը տևեց շատ կարճ, հրահանգ տրվեց Հյուսիային պողոտայի բոլոր տարածքները վաճառել: Ես դա կանգնեցրեցի ու քաղաքապետին՝ Վանո Սիրադեղյանին, ասացի, որ չի կարելի քաղաքի կենտրոնի ամենակարևոր մասը դնել աճուրդի ու տարածքներ վաճառել: Միակ բանը, որ ես արեցի՝ վաճառքը կասեցնելն էր, իսկ Նարեկ Սարգսյանին հաջողվեց հավաքել կառուցապատողների այն ցուցակը, որոնց շնորհիվ էլ կառուցվեց այդ փողոցը»,- ասաց Մեսչյանը՝ հավելելով, որ կան մարդիկ, որ կհավանեն Հյուսիսային պողոտան, իհարկե, կլինեն մարդիկ էլ, որ չեն հավանի: «Ինչ վերաբերում է այդ տարածքի նախկին բնակիչներին, ապա ես ոչինչ ասել չեմ կարող. այդ ժամանակ ես Հայաստանում էլ չէի»,- նշեց նա:
 
Ըստ Մեսչյանի` ինքն առաջին գլխավոր ճարտարապետն է լինելու, որը Երևանի սահմաններում ոչ մի նախագիծ չի իրականացնելու, քանի որ ամեն ինչ իր ձեռքում է: «Ես ուզում եմ ազնիվ լինել ճարտարապետների առաջ, իմ գործընկերները կիմանան, որ չեմ չարաշահելու իմ աշխատանքը, և ավելի կհեշտանա մեր աշխատանքը: Այսինքն՝ ես դառնում եմ ոչ թե նրանց ղեկավարը, այլ կոլեգան: Դուք մի մտածեք, որ չեմ ուզում իրականացնել նախագծեր, ոչ, դա իմ կյանքն է, ես դրանով ապրում եմ, բայց եթե ես այս պատասխանատվությունն եմ ստանձնել, պետք է այդ հաճույքից ինձ զրկեմ»,- ասաց նա:
 
Մեղչյանը նաև տեղեկացրեց, որ Աֆրիկյանների շենքի բոլոր քարերը պահպանվել են, և այդ առումով ինքը հանգիստ է, թեև տխուր է, որ քանդեցին այն: Նրա խոսքով՝ ինքն Աֆրիկյանների կառույցին ձեռք չէր տա, ավելի շուտ կքանդեր դիմացի շենքը: