Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախորդ տարվա նոյեմբերի 5-ին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների գործով այսօր դատարանում ցուցմունք տվեց առաջին տուժողը` գնդի հրամանատար, փոխգնդապետ Անդրանիկ Առաքելյանը:
Նա պատմեց Շանթ Հարությունյանի կազմակերպած երթի մասին` նշելով, որ իրենք նպատակ չեն ունեցել երթը ցրելու, պարզապես հասարակական կարգն են պահպանել: Առաքելյանը նշեց, որ երթի մասնակիցներից իր մոտ տպավորվել է սպիտակ սպորտային համազգեստով քաղաքացին:
Փաստաբան Կարեն Քալանթարյանի հարցին, թե այդ երիտասարդը կոնկրետ ի՞նչ գործողություններ էր կատարում, տուժողը պատասխանեց, որ պայթուցիկներ էին նետում փողոցի երթևեկելի մաս, և որ այդ պայթուցիկների ծխից իր աչքերը մրմռացել են: Պաշտպան Արա Զաքարյանի հարցին, թե երթի մասնակիցների՝ փողոց դուրս գալուց առաջ նրանց բարձրախոսով ինչ-որ բան զգուշացվե՞լ է, հարցաքննվողը պատասխանեց՝ ոչ, եւ պատճառաբանեց, որ դրա կարիքը չկար:
Ամբաստանյալ Շանթ Հարությունյանն էլ, օրինակ բերելով սովետական մանկապարտեզում և դպրոցում երեխաների խմբերի կողմից դրոշակ պահելով ճանապարհը հատելու օրինակը, հետաքրքրվեց` արդյո՞ք ցանկացած խումբ կարող է ճանապարհն անցնելիս դրոշակ պարզել և անցնել, արդյո՞ք նման կարգ կա:
Ոստիկանը պատասխանեց, որ եթե մոտակայքում կա հետիոտնի համար նախատեսված անցում, քաղաքացիները պարտավոր են օգտվել այդ անցումից: Այդ առնչությամբ Շանթը հայտարարեց , որ իրենք փորձել են խուսափել պրովոկացիայից, դրա համար էլ մայթից դուրս են եկել փողոց:
Պաշտպան Հովհաննես Քոչարյանի հարցին, թե մինչև ոստիկան Գեղամ Խաչատրյանի հետ տեղի ունեցած միջադեպը՝ նոյեմբերի 5-ի ակցիան խաղա՞ղ էր, ոստիկանը պատասխանեց` այո: Ինչից հետո Քոչարյանը հետաքրքրվեց՝ եթե երթը խաղաղ էր, ապա ինչո՞ւ ոստիկանները չեն ենթարկվել օրենքի պահանջին և չեն աջակցել խաղաղ երթի մասնակիցներին: Առաքելյանը պատասխանեց, որ իրենք ենթարկվել են օրենքի պահանջին: Տուժողը նաև հայտնեց, որ ինքն անձամբ ուժ չի կիրառել ամբաստանյալներից որևէ մեկի նկատմամբ, նաև՝ որ քաղհայցի պահանջ չունի:
«Մարմնական վնասվածք չեմ ստացել, շորերս չեն պատռվել, ընդամենը աչքերս են մրմռացել»,- ասաց նա:
Հարցաքննության ավարտին ամբաստանյալ Ալեք Պողոսյանն էլ տուժողից հետաքրքրվեց` արդյո՞ք նա կցանկանար ավելի լավ Հայաստանում ապրել, սակայն դատավորը հանեց հարցը` նշելով, որ դա գործի հետ կապ չունի:
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց Շանթ և Շահեն Հարությունյանների պաշտպան Ինեսա Պետրոսյանի խնդրանքով: Նա դատարանին հայտնեց, որ Շահեն Հարությունյանն իրեն վատ է զգում և չի կարող մասնակցել հարցաքննությանը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 16-ին: Այդ օրը պետք է ցուցմունք տա այս գործով «գլխավոր» տուժող Գեղամ Խաչատրյանը: