կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-06 15:03
Մշակույթ

Ովքեր ապօրինի կառուցապատում են իրականացրել կանաչ տարածքներում, նրանց չեմ նախանձում. Արթուր Մեսչյան

Ովքեր ապօրինի կառուցապատում են իրականացրել կանաչ տարածքներում, նրանց չեմ նախանձում. Արթուր Մեսչյան

Տեղեկացրել էինք, որ այսօր լրագրողների հետ հանդիպեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Yerkir.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ ծրագիր ունի Մեսչյանը Երևանի կենտրոնում տարիներ շարունակ այդպես էլ չլցվող «փոսերի» հետ կապված, այն տարածքների, որտեղ շինարարությունը կարծես սկսվել ու տարիներ ի վեր կանգ է առել, օրինակ` «Մոսկվա» կինոթատրոնի մոտ առկա «փոսը»:

Ի պատասխան Մեսչյանը նշեց, որ, այո, Երևանում կան ահռելի քանակով շինհրապարակներ, և իր կարծիքով՝ արդեն իսկ եկել է ժամանակը, որ բոլոր սեփականատերերի առջև դրվի խնդիր՝  այս հողը վերցրել եք, մի բան արեք: «Պետք է գտնենք ճանապարհներ, որ այդ հողատարածքները տրվեն այն կառուցապատողներին, որոնք կարողանան այդ տարածքներում, ի վերջո, կատարել շինարարական աշխատանք, և մենք այդ փոշուց դուրս գանք: Կան շատ հողատարածքներ, որոնք կիսաշինարարական վիճակում մնացել են մեր քաղաքի սրտում: Դրանք պետք է վերացնել, քանի որ ժամանակը եկավ, և դրանց համը դուրս է եկել»,-ասաց նա:  

Մեսչյանի խոսքով՝ իր համար ողբերգություն է, երբ ապօրինի շինարարությունը կատարվում է հողազավթումով: Այս հարցում, ըստ նրա, իրենք լինելու են սարսափելի խիստ: «Բոլոր սրճարանների սեփականատերերին եմ ուղղում խոսքս՝ նրանք, ովքեր վերջին ժամանակներում իրենց տրամադրված սահմաններից դուրս են եկել ու զբաղեցրել այլ տարածքներ, խնդրում եմ՝ մինչև գարուն բոլորդ վերադարձեք ձեզ տրամադրված սահմանները: Հակառակ դեպքում՝ ունենալու եք խնդիր, մեծ խնդիրներ: Երևանի կենտրոնում կանաչ տարածությունների պահպանման հանդեպ շատ խիստ ենք լինելու: Նրանք, ովքեր ապօրինի կառուցապատում են իրականացրել կանաչ տարածքների մեջ, նրանց չեմ նախանձում»,- ասաց Երևանի գլխավոր քաղաքապետը:

Հետաքրքրվեցինք նաև, թե ինչ է լինելու Ֆիրդուսիի տոնավաճառի, փողոցի բնակիչների խնդիրը, քանի որ այդ տարածքում էլ գերակա շահ են համարվել մի շարք տներ, որոնք քանդվել են, բայց տեղում կառուցապատում չի իրականացվում: Ի պատասխան Մեսչյանը նշեց, որ Ֆիրդուսի վերաբերյալ լավ նորությունն այն է, որ արդեն իսկ կառուցապատողները հայտնվել են, որոնք պատրաստ են սկսել շինարարությունը: «Ինձ անհանգստացնում են տեղի բնակիչները, որ հայտնվել են տարօրինակ իրավիճակում: Բայց դա ժառանգություն է, որն ուղղակի հասել է ինձ: Ամեն դեպքում` ես պետք է հասնեմ նրան, որ այդ տարածքի շինարարությունն արագանա և բնակիչների հարցն արագ լուծվի»,- ասաց նա:

Հարցին, թե դա հրապարակի տեսքը չի՞ խաթարի, Մեսչյանը պատասխանեց, որ հրապարակի տեսքն այնքան է փոխվել, որ ասելու չէ: «Ամենազարմանալին այն է, որ Ազգային պատկերասրահի հետևի հատվածում շինարարություն է կատարվում, և այնտեղ բաներ են արվում, որ շատ վտանգավոր են: Ցավոք, բնակելի հատվածն արդեն իսկ կառուցված է, բայց ձախ հատվածի այն սիրուն կառույցը, բայց ինչպես ասում էին` «ախոռը», որ քանդեցին, անհասկանալի վիճակում է: Պետք է փորձենք տրամաբանական լուծում տալ այս խնդրին»,- ասաց նա: