Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բազմիցս զգուշացվել էր` մի' արեք, բայց ոչ մեկին չլսեցին, շարունակում էին. լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը` անդրադառնալով երեկ քաղաքապետարանի կողմից ապօրինի կառույցի ապամոնտաժման դեպքին:
Նա նշեց, որ քանիցս ոստիկաններն էլ գնացել և զգուշացրել են, բայց կառուցապատողը շարունակել է իր աշխատանքը: «Ամեն ինչ չափ ունի: Դուք մի կարծեք, որ ես մեծագույն երջանկությամբ եմ ընդունում, երբ բուլդոզերը հարվածում է պատին: Դա շատ վատ բան է, բայց մի' հասցրեք դրան, էլի: Երբ մի բան է ասվում, որ ապօրինի շինարարությանը` վերջ, շոու չէ, ամեն ասած նախադասություն իր պատասխանատվությունն ունի: Մի' արեք: Այն, ինչ կառուցվել է մինչ այսօր, ուրիշ խնդիր է, ես պատասխանատու եմ այն օրվանից, երբ ստանձնեցի պաշտոնս: Մի' փորձեք հողազավթում անել, ապօրինի շինարարություն անել, մի' արեք, քանի որ դա ոչ մի կերպ չի օրինականացվելու»,- ասաց Մեսչյանը:
Նրա խոսքով` սակայն դա չի նշանակում, որ օրինականացումն ընդհանրապես վերանում է: Մեսչյանը նշեց, որ սոցիալական վատ վիճակում գտնվող ահռելի թվով մարդիկ կան, որ ժամանակին ինչ-որ բան են կառուցել, որ իրենց ընտանիքներն այնտեղ ապրեն, ինքն ի՞նչ բարոյականություն ունի` այդ մարդկանց տները չօրինականացնի: «Խայտառակ բան էր կատարվում նախկինում` այն մարդիկ, որոնք պետք է հսկեին, որ ապօրինի շինարարություն չարվի, քաջալերում էին ու բերում ապօրինի շինարարության: Թե' ոստիկանությունը, թե' թաղապետերը մեղավոր են այն բանի համար, ինչի առջև այսօր կանգնած են Երևանի բնակիչները, մեղքն ամբողջովին նրանց է, իսկ քաղաքացիների մեղքը երևի մի 20 տոկոսն է: Խնդրում եմ, սիրելի' երևանցիներ, եթե որոշում եք շինարարություն անել, մենք կօգնենք ու կհեշտացնենք: Ապօրինի մի' արեք, տղե'րք»,- ասաց Մեսչյանը` հավելելով, որ հողազավթումը գողություն է երկրից, մեր ունեցվածքի գողությունն է: