Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի անդամ Նարեկ Սամսոնյանի գլխավորությամբ` քիչ առաջ, ի պաշտպանություն Խորենացի 13 հասցեում քանդվող շենքի, բողոքի ակցիա տեղի ունեցավ:
Լրագրողների հետ զրույցում Նարեկ Սամսոնյանն ասաց, որ որքան էլ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը փորձի վաղն ասել, որ իրենց ստիպել են, որ դա անի, չի ընդունվելու:
«Այս շենքն, իրոք, մշակութային ժառանգության նմուշ է, այն կարելի էր պահել, նորոգել և ոչ թե քանդել: Մենք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին էլ ենք ուղերձ հղում, որպեսզի չմտածի, թե մի քանի ակտիվիստներին, որոնք ժամանակին գումարով ակցիաներ էին անում, տարել-մտցրել է քաղաքապետարան, էլ ոչ ոք ձայն չի հանելու բարբարոսությունների ու վանդալիզմի դեպքում: Հակառակը` անընդհատ ավելի մեծացող գործողություններ են լինելու, և Հայկ Մարությանը հանգիստ չի ունենալու իր պաշտոնավարման որևէ ժամանակահատվածում:
Հիմա Հայկ Մարությանի գործողությունը Արթուր Մեսչյանի՝ մտավորականի կերպարը փչացնելու մեջ է: Ասելու են՝ ժամանակին Երևանում ոչ թե շենքեր է սարքել, այլ շենքեր է քանդել: Ինձ համար հարց է, թե ո՞ւմ շահերից է բխում այս շենքը քանդելը: Դժվար չէր 2004 թվականին կայացված որոշումն առ ոչինչ համարել: Այսինքն` Հայկ Մարությանն ունի կոնկրետ շահեր՝ այս շենքը քանդելու համար: Ո՞ւմ էր ձեռնտու սա քանդելը, միգուցե Մարությանի ընկերներից մեկի՞ն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Սամսոնյանը:
Ըստ նրա` կատարվածը վանդալիզմ է: «Իսկ քաղաքապետարանի տարածած պարզաբանումը ծիծաղելի է: Եթե նախկինները վատ բան են արել, ուրեմն որոշումը չեղյալ հայտարարեիք, ի՞նչ էր ձեզնից գնում: Այս պահի դրությամբ նրանք հանցակից են նախկին իշխանություններին»,- հայտարարեց Սամսոնյանը:
Տեղեկացնենք, որ Երևանի քաղաքապետարանը շինության հետ կապված հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Խորենացու 13 հասցեում` «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող շենքն ապամոնտաժվել է դեռևս 2004թ.-ին, որի ժամանակ պահպանվել է միայն դիմային հատվածը:
«Ի սկզբանե, 2004թ. շենքը մասնավորեցվելուց հետո, սեփականատերերն իրենց ներկայացված նախագծերով չեն նախատեսել ճակատային հատվածի պահպանում: Շինությունը հուշարձան շենք չէ, ինչպես նաև ներառված չէ Երևան քաղաքի՝ ճարտարապետական տեսակետից արժեքավոր ճակատներ ունեցող շենքերի կազմում: ընկերության կողմից ներկայացված բիզնես կենտրոնի կառուցման էսքիզային առաջարկով խնդրո առարկա ճակատը նոր մոտեցմամբ վերականգնվելու է՝ դառնալով համալիրի ինտերիերի բաղկացուցիչ մասը: Հարկ է նշել, որ տասնյակ տարիների ընթացքում տեղումների հետևանքով շենքի ճակատային հատվածը խարխլվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ: