կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-19 14:33
Իրավական

Չեմ բացառում, որ նախորդ իշխանության ժամանակ էլ դատարանների նկատմամբ ճնշում է եղել. Կոստանյան

Չեմ բացառում, որ նախորդ իշխանության ժամանակ էլ դատարանների նկատմամբ ճնշում է եղել. Կոստանյան

Հայտնել ենք, որ այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստն է անցկացվել,  և որ քննիչ հանձնաժողովը կպահանջի փաստաթղթեր, կհրավիրի պատկան մարմինների, միջազգային կառույցների ներկայացուցիչների:

Նիստից հետո լրագրողները ՀՀԿ խմբակցության պատգամավորմ քննիչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցին` եթե փաստաթղթերը գաղտնի լինեն, դարձյալ կպահանջե՞ն: Կոստանյանը պատասխանեց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքը թույլ է տալիս, որ քննիչ հանձնաժողովը ծանոթանա անգամ գաղտնի փաստաթղթերին:

Հարցին` հնարավո՞ր է դատարանների նկատմամբ ճնշումներ գործադրելու արատավոր երևույթը գալիս է նախորդ իշխանությունից, նա արձագանքեց. «Իմ մասնագիտությամբ պայմանավորված` չեմ կարող ինձ շռայլություն թույլ տալ և գնահատական հնչեցնել։ Ես չեմ բացառում, որ նման դեպք եղել է, բայց դա պետք է լինի փաստարկված և հիմնավորված»։

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե նախքան վերջին գաղտնալսման դեպքը, այս տարիների ընթացքում Հայաստանում այլ պաշտոնյաների ևս գաղտնալսել են,  օրինակ` Վարդան Օսականյանին և Ալեքսանդր Արզումանյանին, Կոստանյանը պատասխանեց. «Դեռ փաստ չկա, թե այդ գաղտնալսումներն իրականացվել են օրենքով, թե` օրենքով սահմանված կարգի խախտմամբ, սակայն ակնհայտ փաստ է, որ ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը լսելն անօրինական է»։

Նա ընդգծեց, որ եթե մեր երկրում գաղտնալսում են ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին, դա նշանակում է, որ որևէ մեկը մեր երկրում երաշխավորված չէ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության` իր իրավունքի խախտման հնարավոր փաստից: «Խորհրդարանում ձևավորված քննիչ հանձնաժողովը միտված է նրան, որ մենք տեսնենք` արդյո՞ք կան բավարար օրենսդրական մեխանիզմներ, որպեսզի մեր երկրում պետությունն ունակ լինի պաշտպանել մարդու իրավունքները»,- ասաց Կոստանյանը։

Հարցին, թե մտահոգված չէ՞, որ իր հեռախոսն էլ են գաղտնալսում։ «Այո, միանշանակ, կարծում եմ` ցանկացած մարդ մտահոգված է»,- նշեց Կոստանյանը։