Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-09-09 17:38
Քաղաքական

Չեմ ուզում հավատալ, որ այդ անընդունելի միտքը երբևիցե կյանքի կկոչվի. Վահե Գրիգորյանը՝ Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների միավորման մասին

Սահմանադրագետ, իրավաբան Վահե Գրիգորյանի հետ Yerkir.am-ը զրուցել է վիրավորանքի և զրպարատության համար փոխհատուցման չափը բարձրացնելու՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նախաձեռնության և Վճռաբեկ ու Սահմանադրական դատարանները միավորելու առաջարկի մասին:

Սահմանադրագետի խոսքով՝ փոխհատուցման չափը պետք է լինի այնպիսին, որ ենթադրաբար վիրավորանք կամ զրպարտություն հասցրած ֆիզիկական կամ իրավաբանական անձն ի վիճակի լինի նման չափով փոխհատուցում կատարել:

Հիշեցնենք՝ Սիմոնյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է վիրավորանքի դեպքում փոխհատուցման չափը սահմանել գործող 1 մլն դրամի փոխարեն 5 մլն, իսկ զրպարտության դեպքում՝ 2 մլն դրամի փոխարեն 10 մլն դրամ։

Գրիգորյանն ասում է՝ ՀՀ պայմաններում նման բարձր փոխհատուցման շեմի նախատեսումը նպատակահարմար չէ, ժամանակին կար ավելի լավ առաջարկ՝ կրճատել դատաքննության ժամկետը, երբ խոսքն անձի պատվին և արժանապատվությանը հասցված վնասի մասին է, սակայն նախաձեռնությունն այդպես էլ չընդունվեց:

«Որքան բարձրանում է փոխհատուցման շեմը, այնքան իրական վտանգ է առաջանում ոչ միայն լրատվամիջոցի, այլև ֆիզիկական անձանց համար: Այս հարցով լրատվամիջոցների բողոքի ձայնն ինձ համար՝ որպես իրավաբանի, ընդունելի է և հասկանալի, քանի որ այսօր ավելի քան շատացել են հայցադիմումները՝ ուղղված ԶԼՄ-ների դեմ: Ընդ որում, ես նկատում եմ տենդենց, երբ հայցադիմումներն ուղղվում են այնպիսի լրատվամիջոցների դեմ, որոնք ոչ թե ներկայացնում են  դեղին մամուլ, այլ օբյեկտիվ իրականությունը՝ որոշակի սուբյեկտիվ երանգներով: Եթե փոխհատուցման շեմը բարձրացվում է, ապա ԶԼՄ-ները կարող են կանգնել այնպիսի իրավիճակի առջև, երբ նրանց ունեցած դրամական միջոցները բավարար չեն լինի փոխհատուցում իրականացնելու համար»,- նշում է մեր զրուցակիցը:

Անդրադառնալով Վճռաբեկ և Սահմանադրական դատարանները միավորելուն՝ Վահե Գրիգորյանն ընդգծում է՝ միանշանակ վատ է վերաբերվում առաջարկին: «Կարելի է զերծ մնալ ինչ-որ նոր դատարաններ կամ նոր հեծանիվ ստեղծելու՝ որոշ անձանց անհագուրդ ցանկությունից, և դրա փոխարեն Վերաքննիչ դատարանը միավորել Վճռաբեկ դատարանի հետ, ինչը իրավաբանական հանրույթի մեծամասնության կողմից առավել ընդունված տարբերակը կլիներ:

Սահմանադրությունը չափազանց բարդ փաստաթուղթ է, և ցանկացած իրավունք մեկնաբանելիս հաշվի են առնվում ամենափոքր ու աննշան թվացող մանրուքները: Թե ինչպես է Գերագույն դատարանն իր առջև դրված այդ խնդները լուծելու, ես այս պահին չեմ պատկերացնում և չեմ էլ ուզում հավատալ, որ այդ անընդունելի միտքը երբևիցե կյանքի կկոչվի»,- հավելում է Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Վարդուհի Ստեփանյան