կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-19 13:47
Հասարակություն

Այսպիսի ցածր մակարդակի քարոզարշավ երբևէ չէր եղել. Ահարոն Ադիբեկյան

Այսպիսի ցածր մակարդակի քարոզարշավ երբևէ չէր եղել. Ահարոն Ադիբեկյան

 Այսօր «Հենարան» մամուլի ակումբում Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավն էին քննարկում  սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը և հոգեբան, հոգեթերապևտ Սամվել Խուդոյանը:

Ադիբեկյանն այս քարոզարշավը որակեց որպես նախադեպը չունեցող ընտրապայքար, հատկապես այն առումով, որ իշխանական թեկնածու, որպես այդպիսին, չկա. 12 թեկնածուներն էլ չեն եղել երբևէ այդ պաշտոնում և միմյանց հասցեին քննադատական խոսքեր չեն կարող հնչեցնել կամ նախկինում արած սխալները երեսով տալ ու արդյունքում ընտրողներին դեպի իրենց «թեքել»: Ըստ սոցիոլոգի` բացառություն են միայն Նաիրա Զոհրաբյանի` վերջին օրերին հնչեցրած արտահայտությունները, որոնք ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն, հասկանալով, որ Երևանի ընդդիմադիր դաշտը մնացել է անտեր, ՀՀԿ-ի ընտրողները տատանվում են, չգիտեն` ինչ անել, մասնակցել, թե` ոչ, իսկ եթե մասնակցել, ապա ում ընտրել, փորձում է տեր դառնալ այդ ընտրազանգվածին:

Ե'վ Ադիբեկյանը, և' Խուդոյանը այն կարծիքին են, որ այսպիսի ցածր մակարդակի քարոզարշավ երբևէ չէր եղել, թեև նախորդ ընտրությունների ժամանակ, կարելի է ասել, մարդիկ անտարբեր էին, իսկ հիմա լարվածություն ու ագրեսիվություն կա մարդկանց, հատկապես` նոր ուժերի կողմնակիցների շրջանում:

Հոգեթերապևտ Սամվել Խուդոյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հետազոտություններ է անցկացրել և պարզել, որ դաշտը բաժանված է երկու մասի`  հին ուժերի պաշտպաններ և նոր ուժերի կողմնակիցներ: Ըստ հոգեթերապևտի` հին ուժերի կողմնակիցները, ատամները սրած,  սպասում են նոր ուժերի սխալներին, որ քննադատեն: Օրինակ` նրան զարմացրել է այն, որ Հայկ Մարությանի` տներ ունենալը զարմանալի է եղել մարդկանց համար, քանի որ Հայաստանում վերջին տարիների ամենավաճառված, ամենահայտնի նախագծերն ու ֆիլմերը, ըստ նրա, Հայկինն են:

«Քաղաքապետի թեկնածուներից լավագույն իմիջն ունի Արտակ Զեյնալյանը: Արդար թեկնածուի համբավ ունի, որը գալիս է նրա զբաղեցրած պաշտոնից: Թեպետ ասում են, որ նա իր լավագույն տեղում է, նրա ինչի՞ն է պետք քաղաքապետի պաշտոնը»,- ասաց Խուդոյանը:

Իսկ Նաիրա Զոհրաբյանի խոսքը, ըստ նրա, բացասաբար է ազդում նրա վարկանիշի վրա, դա են փաստում համացանցում լայն տարածում գտած` հումորի վերածված նրա ելույթները: Թեև նրա խոսքում կա եռանդ, էներգիա, բայց քանի որ մարդկանց «հինն» են հիշեցնում, բացասաբար են ընկալվում:

«Երկրորդ տեղի համար պայքարը մղվում է «Լույս» դաշինքի ու ԲՀԿ-ի միջև, և այս ընտրություններում, եթե անգամ ընտրակաշառք բաժանվի, որևէ դեր այն չի խաղալու»,- կարծիք հայտնեց Ահարոն Ադիբեկյանը:

Ըստ սոցիոլոգի` «Իմ քայլը» և «Լույս» դաշինքների համար  կա'մ միևնույն է, թե ով կհաղթի, վերջում էլի կոալիցիա կկազմեն, կա'մ ուժեղ ու անզիջում պայքարում են միմյանց դեմ, քանի որ այս երկու դաշինքների քաղաքապետի թեկնածուներն ամենաբարձր վարկանիշն ու ամենադրական իմիջն ունեն հասարակության աչքում:

Անցկացված հետազոտության վրա հիմնվելով` սոցիոլոգը հայտնեց, որ Երևանի քաղաքապետի կին թեկնածուները ավելի լավ է հույսները կտրեն, թե  իրենց հենց կանայք են շատ ձայն տալու, քանի որ կինն ավելի շատ է վստահում և քվեարկում տղամարդկանց, քան կանանց:

Ահարոն Ադիբեկյանը հատկանշական համարեց նաև այն, թե քանի թեկնածուներից բաղկացած ցուցակ են ներկայացրել ուժերը: Ամենամեծը ԲՀԿ-ի ցուցակն է` 195 հոգի, «Իմ քայլը» դաշինքը 170 հոգանոց ցուցակ է ներկայացրել, իսկ, օրինակ, «Ռեֆորմիստները»` 25 հոգանոց ցուցակ: Այս թվերը կարևոր են նրանով, որ ցանկացած թեկնածու քարոզիչ է լինելու և ձայներ է բերելու իր թիմին: