|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Այն անձը, ով մեր ընտրական խաշի մեջ մի կտոր թրիք է գցել, հույս ուներ, որ ամեն ինչ կփչացնի»,- այսօր` մինչ լրագրողների հետ Հայրիկյանի հետ պատահած միջադեպից հետո նրա քաղաքական հեղինակության նոր գործակիցների մասին խոսելն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նա տեղեկացրեց, որ իրենք ավարտում են սոցիոլոգիական հետազոտությունը, եւ ըստ նախնական տվյալների` Հայրիկլյանի ճանաչվածության ինդեքսը, որը մինչ նրա հանդեպ իրականացված մահափորձը 50 տոկոս էր, հիմա արդեն մոտենում է 80 տոկոսի, եւ նա իր ճանաչվածությամբ մոտենում է Րաֆֆի Հովհաննիսյանին: Ադիբեկյանը Պարույր Հայրիկյանին խորհուրդ տվեց չհետաձգել ընտրությունները, քանի որ, հակառակ դեպքում, նա կկորցնի այն «սմաթը», որ ձեռք է բերել, քանի որ սենսացիան ապրում է մեկ շաբաթ, լավագույն դեպքում` երկու, իսկ հետո քչերը կհիշեն, որ քաղաքական գործչի դեմ մահափորձ է եղել:
Ադիբեկյանի դիտարկմամբ` այս ընթացքում Հայրիկյանը ներգործական քարոզարշավ է անցկացնում, նրա վարկանիշը բարձրանում է, քանի որ նրան են այցելում բարձրաստիճան ղեկավարներ, իր մրցակիցները եւ այլն:
Խոսելով հանցագործությունը կատարող հնարավոր դեպքերի մասին` սոցիոլոգն ասաց, որ Հայրիկյանը բուռն անցյալ է ունեցել, եւ այս դեպքը կարող է անցյալից եկած պրոբլեմից առաջացած լինել: Նա հավաստիացրեց, թե ինքը տեղյակ է Հայրիկյանի կյանքի որոշ մանրամասների, որոնց արդյունքը կարող է լինել այդ մահափորձը:
Ահարոն Ադիբեկյանը նաեւ պատասխանեց հարցին, թե ինչպե՞ս մեկ օրում կատարվեցին սոցիոլոգիական հարցումներ եւ հետազոտություններ, որոնցից էլ պարզ դարձավ, որ Հայրիկյանի ճանաչվածության գործակիցը բարձրացել է մինչեւ 80 տոկոս: Ադիբեկյանը պարզաբանեց, որ բանավոր հարցումների արդյունքում է այդպիսի պատկեր ստացվել, քանի որ հարցում անցկացնողները ունեն նաեւ օրագրեր, որոնցում նշում են անում նաեւ նմանատիպ հարցերի վերաբերյալ:
Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց իրենց ուսումնասիրությունները, թե ժողովրդի շրջանում ինչպիսի կարծիքներ են շրջանառվում Պարույր Հայրիկյանի հետ պատահածի կազմակերպիչների վերաբերյալ: Ըստ այդմ` առաջին կարծիքն այն է, թե Հայրիկյանն ինքն է կազմակերպել իր դեմ մահափորձը: Երկրորդ կարծիքը` որ իշխանություններն են կազմակերպել, երրորդը` կենցաղային հողի վրա հաշվեհարդարն է. ըստ սոցիոլոգի` կանայք են ասում, որ գուցե մի խանդոտ տղամարդ կարող էր հաշիվ մաքրել Հայրիկյանի հետ: Եվ վերջապես` որ այդ մահափորձը կազմակերպել էր ծայրահեղ ընդդիմությունը` նկատի ունենալով ՀԱԿ-ին, քանի որ նրան դուր չէր գալիս, որ այս քարոզարշավը սուր քննադատությամբ եւ առհասարակ` սրությամբ աչքի չէր ընկնում: