|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Գոյություն ունի բացարձակ և հարաբերական աղքատություն, որը կախված է նրանից, թե տվյալ երկրի կենսամակարդակն ապահովելու համար ինչ գումար է անհրաժեշտ։ «Նույն գումարը մի երկրում մարդուն կարող է դարձնել աղքատ, ուրիշ երկրում`բավականին բարեկեցիկ։ ՄԱԿ-ի չափանիշներով ՝ օրական 2 դոլարը աղքատության շեմն է, 1 դոլարը` չքավորության շեմը»,- այսօր, խոսելով աղքատության չափանիշների մասին, լրագրողներին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։
Ըստ նրա` վերջին տվյալներով` Հայաստանի բնակչության 50 տոկոսը գտնվում է աղքատության շեմից ներքև։ 25 տոկոսի եկամուտների աղբյուրները պետական նպաստներն են։ Նախորդ տարի ամեն 6-րդ ընտանիքն ապրում էր դրսից եկած գումարներով, այս տարի` ամեն 7-րդը, բայց իր` աղքատ լինելն ընդունում է ընդամենը 19 տոկոսը։ «Աղքատության պատճառներից է այն, որ փոքր ու միջին բիզնեսի մեկ երրորդը չի աշխատում։ Դա նշանակում է, որ կրճատվել է միջին դասը, որը գոնե գոյատևում էր և մարդկանց աշխատանք տալիս։ Բարեկեցության մակարդակով մենք աշխարհում գտնվում ենք վերջին շարքերում»,- ասաց սոցիոլոգը:
Ադիբեկյանի տվյալներով` ամեն 10-րդ ընտանիքը սոված է քնում, 30 տոկոսին հաջողվում է բավարարել հիմնական պահանջներ, 20 տոկոսն ունի եկամուտներ, 5 տոկոսն իրեն ոչնչում չի սահմանափակում։ «Ամենաբարեկեցիկ կյանքը վարում են Սյունիքում, որովհետև այնտեղ կա առաջնային աշխատատեղ»,- հայտնեց սոցիոլոգը, ապա հավելեց, որ, ըստ անցկացված հարցումների, այսօր մեր երիտասարդների 70 տոկոսը իր ապագան տեսնում է դրսում: Նա համոզված է, որ աղքատության դեմ պայքարելու համար պետք է նոր աշխատատեղեր բացել։
Մյուս բանախոսի` ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով` կատարված հետազոտությունները իրական պատկերի մոտավոր արդյունքներն են ներկայացնում, որովհետև մեծահարուստները և շատ այլ մարդիկ հրաժարվում են մասնակցել դրանց։ «Իմ գնահատականով` մեր հասարակության երկու երրորդը ռեալ աղքատության շրջանում է»,- ասաց նա: