Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակի և դրանց հավանական պատճառների մասին Yerkir.am-ը զրուցել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ։
-Պարո՛ն Սարգսյան, արդեն երրորդ օրն է հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակ է, Ադրբեջանը ռազմական սադրանքների է դիմում, ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի ակտիվությունն այս ժամանակահատվածում, ի՞նչ ուղերձներ է հղում Ադրբեջանը։
-Ես չեմ բացառում, որ Ադրբեջանում ներքին խնդիրների հետ կապված ինչ-որ զարգացումներ, պրոցեսներ կան, և Ադրբեջանի իշխանությունը մշտապես փորձել է և շարունակելու է փորձել նման դեպքերում իրավիճակի սրացումների գնալ ադրբեջանա-արցախյան շփման գծի ամբողջ երկայնքով, ինչպես նաև ՀՀ սահմանով։ Կարծում եմ՝ սա հենց այդ գործողությունների տրամաբանության մեջ է մտնում։ Գիտեք, թե ինչ իրավիճակ է Ադրբեջանում այս պահի դրությամբ։ Կարծում եմ՝ պատճառը հենց դա է։
-Նկատի ունեք հասարակության շրջանում սոցիալ-տնտեսական դժգոհություննե՞րը։
-Այո, սոցիալ-տնտեսական իրավիճակը, բարդությունները կապված տարածաշրջանի խմելու ջրի հետ։ Տարբեր խնդիրներ կուտակվել են և, բնականաբար, Ադրբեջանի իշխանությունը փորձում է պատասխանատվությունն իր վրայից գցել և հանրության ուշադրությունը բուն էությունից շեղել։
- Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որով իր անվերապահ աջակցությունն էր հայտնել Ադրբեջանին և, ըստ էության, պաշտպանել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները։ Այս իրավիճակում ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության կոչերը, արդյո՞ք դրանք ավելի հասցեական չպիտի լինեն։
-Գիտեք, միշտ քննարկվում է, որ կոչերը պիտի հասցեական լինեն, բայց այդ կոչերը սովորաբար հասցեական երբեք չեն լինում։ Այդպիսի բացառություն կազմում է Թուրքիան, որը, Արդբեջանի դաշնակից լինելով, ակնհայտ է՝ պետք է պաշտպանի Ադրբեջանին։ Նույնիսկ ապրիլյան դեպքերի ժամանակ էր Թուրքիան նման հայտարարություններ տարածում։ Կարծում եմ՝ նորություն չեմ ասի, որ Թուրքիան միանշանակ պաշտպանել և պաշտպանելու է Ադրբեջանի դիրքրոշումը։ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ապա նրանք, որպես միջնորդնե, նույնպես պետք է բալանսավորված դիրքորոշում հայտնեն, որպեսզի բանակցությունների գործընթացին կողմնակալությամբ չխանգարեն։ Կարծում եմ՝ միջազգային հանրության կոչերը հիմնականում լինելու են բալանսավորված, կողմերին կոչ են անելու խաղաղության, հրաժարվել զենքերի կիրառումից, զորքերի տեղաշարժից։ Այստեղ էլ նոր և զարմանալի բան չեմ տեսնում։
-Երեկ պիտի կայանար ՀԱՊԿ արտահերթ նիստը՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը հետ, որը հետաձգվեց, ինչո՞վ եք սա պայմանավորում։ Կան տեսակետներ, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ի հետ փորձում է համաձայնության գալ։
-Պատճառները կարող են տարբեր լինել, հիմա վստահաբար չեմ կարող պնդել, թե պատճառը որն է եղել։ Դրանից մեկը կարող է լինել այն, որ գործողությունները շարունակվում էին այն պահի դրությամբ, երբ ՀԱՊԿ-ը պետք է նիստ հրավիրեր։ Չի բացառվում, որ սա որպես առիթ օգտագործվեց, որ նիստը հետաձգվի։ Երկրորդ պատճառը կարող է լինել այն, որ ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ շատ լավ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ և չեն ցանկացել իրենց հարաբերություններն Ադրբեջանի հետ վտանգել և ստորագրել մի հայտարարության տակ, որը պետք է քննադատեր Ադրբեջանի իշխանություններին։ Կարծում եմ՝ հիմնական երկու պատճառներրը սրանք են եղել։
-Ինչպե՞ս եք գնահատում հայկական կողմի քայլերը դիվանագիտական տիրույթում։ Ինչպիսի՞ն պիտի լինեն դրանք, այսօր հնչող հայտարարություները բավարա՞ր են։
-Կարծում եմ, որ Հայաստանի կողմից իրականացվող դիվանագիտական քայլերն ավելի ակտիվ պետք է լինեին, ավելի ակտիվ աշխատանք տարբեր պետություների, միջազգային կառույցների հետ, և, որ, ամենակաևորն է՝ մեր դիվանգետները տարբեր պետություններում առավել ակտիվ պիտի համագործակցեն միջազգային լրատվական միջոցների հետ, մանավանդ ամերիկյան ԶԼՄ-ների հետ, որովհետև մեծ հաշվով դրանք ամենազդեցիկն են ամբողջ աշխարհում։ Կարծում եմ՝ այս առումով միջազգային ԶԼՄ-ների հետ մեր աշխատանքն այդքան էլ արդյունավետ չէ, և նման դեպքերը ցույց են տալիս արդյունավետության ցածր մակարդակը։ Այստեղ աշխատանք կա անելու։