կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-20 13:14
Տնտեսական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոտակա ամիսներին գնաճը մնալու է ցածր մակարդակի վրա․ ԿԲ խորհրդի անդամ

Կարող եմ հաստատապես ասել, որ մոտակա ամիսներին գնաճը մնալու է ցածր մակարդակի վրա՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը՝ գնաճի և մակրոտնտեսական կայունության մասին մամուլի ասուլիսի ժամանակ։

«Երբ նայում ենք և՛ արտաքին աշխարհի զարգացումներին, և թե ինչ ջանասիրաբար է կառավարությունը վերաբերվում առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարներումներին և գներին, ապա, ըստ էության, մենք կարող ենք արձանագրել, որ այստեղ որևէ ռիսկ չենք տեսնում գնաճի ավելացման հետ կապված»,-ասաց Արթուր Ստեփանյանը։   

Մարտի 17-ին ՀՀ կենտրոնական բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը․ ԿԲ խորհրդի անդամն արձանագրեց, որ մեր տարածաշրջանում շատ երկրներ այն բարձրացրել են կամ թողել անփոփոխ։

«Ստեղծված իրավիճակում դրամավարկային քաղաքականության դերը սահմանափակ է, քանի որ դրամավարկային քաղաքականության գործիքակազմով հնարավոր չէ ազդել առողջապահական խնդիրներով պայմանավորված իրական տնտեսական զարգացումների և առանձին հատվածների զարգացումների վրա։ Սակայն, կարևոր է շարունակել պահպանել մակրոտնտեսական կայունությունը, ինչը թույլ կտա կառավարությանը ավելի արդյունավետ ապահովել թիրախավորված միջոցառումները տնտեսության տարբեր սեկտորների հետ կապված»,-ասաց Նա։

Միաժամանակ նկատեց, որ քանի որ մենք 2015 թ-ից բավականին ցածր գնաճային միջավայր ունենք և ներկայումս նույնպես գնաճը բավականին ցածր է, այս քայլով ԿԲ-ն փորձել է հնարավորություն տալ նաև հավասարակշռել գնաճի կայունությունն ու տնտեսության զարգացումը։  

Ֆինանսական կայունության ապահովման միջոցառումներին անդրադառնալով՝ Արթուր Ստեփանյանը նշեց․ «Մենք՝ հավատարիմ մնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը, այսօր ունենք բավականին բարձր պահուստներ և բազմաշերտ գործիքակազմ, որպեսզի կարողանանք նաև արտարժութային շուկան ապահովել հնարավոր ցնցումներից, որ, կարծում եմ, տեղի չի ունենա այս պահին»։

Համենայն դեպս նա հիշեցրեց 2014 թ-ի դեկտեմբերը, երբ, նրա համոզմամբ, ԿԲ-ն հաջողությամբ դուրս եկավ ավելի վատ իրավիճակից, քան այսօր է։

«ԿԲ-ն տիրապետում է ֆինանսական կայունության ապահովման լայն գործիքակազմի, այսինքն, համակարգը մշտապես իրացվելի պահելու համար ունի գործիքներ։ Բոլոր բանկերը և վարկային կազմակերպությունները հասկանում են, որ հարկ եղած դեպքում մենք որոշակի նեղումներ կիրականացնենք նաև այս ոլորտում, որպեսզի համակարգը կարողանա կլանել կամ մեղմել բոլոր հնարավոր բացասական զարգացումները, որ կարող են տեղի ունենալ հետագայում»,-ասաց նա։

ԿԲ-ն աշխատում է ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցների հետ, օպերատիվ արձագանքում ենք նաև քաղաքացիներին՝ թեժ գծի միջոցով․ «Նպատակն այն է, որ ֆինանսական շուկայի մասնակիցներն իրենց հաճախորդների հետ կարողանան շատ օպերատիվ աշխատել հաճախորդների համար անհաղթահարելի ուժով առաջացած դժվարությունները կարգավորելու, նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու համար, որպեսզի հաճախորդների վարկային բեռը կտրուկ չավելանա և նրանք չհայտնվեն վարկային պատմության բացասական տիրույթում»։

ԿԲ խորհրդի անդամը ևս մեկ անգամ կոչ արեց օգտվել համակարգի առցանց հավելվածներից, վճարումները կատարվեն անկանխիկ, որպեսզի սահմանափակեն շփումները։

Մանրամասն՝ տեսանյութում․