կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-27 13:22
Հասարակություն

Կաշառակերության դեմ այդպես չեն պայքարում, ինչքան էլ ուզում է` Փաշինյան գա. Ահարոն Ադիբեկյան

Կաշառակերության դեմ այդպես չեն պայքարում, ինչքան էլ ուզում է` Փաշինյան գա. Ահարոն Ադիբեկյան

Երբեմն ասում են` շոու է, սերիալ է, բայց բոլոր դեպքերում, ժողովրդի սպասած սերիալներից է. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը` անդրադառնալով ԱԱԾ-ի և ոստիկանության կողմից վերջերս կատարվող ձերբակալություններին:

«Ես կողմ եմ նման շոուներին: Ամենակարևորն այն է, որ այդ քայլը մի շարք կարևոր ազդեցություններ է թողնում` վստահություն է ձևավորում իշխանության նկատմամբ, որ նրանք իսկապես գործով են պայքարում կոռուպցիոներների և թալանչիների դեմ: Այդ վստահությունը շատ կարևոր է հատկապես առաջիկա ընտրությունների համար»,- կարծիք հայտնեց նա: 

Խուդոյանի խոսքով` ժողովուրդն ուրախանում է, երջանիկ է և ծափողջյուններով է ընդունում այդ քայլերը: «Այս ամենի հետևանքով Ժողովուրդը կամաց-կամաց սկսում է հավատալ արդարությանը. հասարակության` արդարության զգացումն ավելի ու ավելի կբարձրանա»,- նշեց նա:

Սակայն, ըստ հոգեբանի, ժողովրդի մոտ դժգոհություններ կային որոշ նշանակումների հետ կապված: «Այստեղ էլ գործում է նախորդ իշխանություններից եկած տակտիկան` «թքած ունենալ ժողովրդի վրա», մոռանալ, որ ժողովուրդն է իրենց բերել և նրանց առաջ պետք է պատասխանատվություն տան` ինչը, ինչու»,- ասաց նա:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով էլ` կաշառակերության դեմ պայքարը պետք է լինի ինստիտուցիոնալ, այլ ոչ թե կարկառուն դեմքերի գլխատումով: Սոցիոլոգի խոսքով` դրանով խնդիր չի լուծվում: «Պետք է լիներ համապարփակ մի համակարգ, որ կաշառակերությունը` որպես համակարգային հիվանդություն, վերացվեր»,- ասաց նա: 

Ըստ Ադիբեկյանի` կաշառակերությունը գալիս է նրանից, որ պաշտոնյայի աշխատավարձը շատ ցածր է: «Կարևոր է, որ կառավարման համակարգը լինի լիարժեք ապահովված, որ պաշտոնյան չմտածի կաշառք վերցնելու մասին: Այս ձերբակալությունները երկու նշանակություն ունեն` վախկոտները կվախենան և չեն վերցնի կաշառք, մի քիչ ավելի «դուխով» տղերքը կգտնեն նոր ճանապարհներ, որովհետև դրա դեմ պայքարել ոչ մի երկիր չի կարողացել, ինչքան էլ ուզում է` Փաշինյան գա, որովհետև այդպես չի լինում: Դա համակարգային աղետ է և պահանջում է  համակարգային լուծում»,- ընդգծեց նա: