Փոխարժեքներ
17 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Աշխատանքային առաջին ամսվա կառավարության նիստերից մեկում վարչապետն ասաց, որ անթույլատրելի է այն մթնոլորտը, երբ ՀՀ քաղաքացիներն ամեն առավոտ արթնանում են տուգանվելու զգացողությամբ: Խոսքը ճանապարհային տեսանկարահանող խցիկների և արագաչափերի մասին էր, որոնցից դժգոհությունները շատ էին հատկապես «հեղափոխության» օրերին, որովհետև խոսվում էր, թե դա երրորդ նախագահի եղբոր բիզնեսն է: Անցած երկու ամիսների փորձը ցույց տվեց, որ դժգոհողների մեծ մասը կարգազանցության հակում ունեցող վարորդներն էին, որոնց համար նշված սարքերը զսպիչ դեր էին կատարում: Ի դեպ, որքան էլ հասկանալի, բայց անարդար էր մինչ այդ չվճարված տուգանքները զեղչելու նոր կառավարության ժեստը, որովհետև այդ «քայլով» վիրավորանք հասցվեց պարտաճանաչ վարորդներին, որոնք արդեն իսկ վճարել էին ծանուցված տուգանքները: Դրանից հետո և արդեն շուրջ երկու ամիս ՀՀ քաղաքացիներն ամեն առավոտ արթնանում են այն զգացողությամբ, թե ում են ձերբակալել կամ ձերբակալելու ԱԱԾ աշխատակիցները: Եվ սա «սիրո, համերաշխության, թավշյա հեղափոխությունից» հետո: Ա՛յն հեղափոխությունից, որի «առաջնորդը», մինչև գործադիր իշխանության ղեկը ստանձնելը, Հրապարակում խոստանում էր «վենդետա» չիրականացնել նախկին իշխանավորների նկատմամբ: Իհարկե, չի կարելի մի ծայրահեղությունից մյուսի մեջ ընկնել. օրինազանցը պիտի պատժվի, այլապես հնարավոր չէ իրավական երկիր կառուցել: Բայց նաև չի կարելի արդարատություն իրականացնելու անվան տակ ընթացիկ կամ հեռահար քաղաքական նպատակներ հետապնդել, որը նույնպես ակնհայտ է ի դեմս առանձին ձերբակալությունների և սպառնալիքների: Արդեն 30 տարի հայաստանցիների մի պատկառելի մաս (եթե ոչ՝ բոլորը) «զբաղվում է» քաղաքականությամբ (ցավոք) և, ինչպես շախմատում, հաճախ դիմացինը ոչ միայն հասկանում է, թե իր մրցակցի այս կամ այն քայլի տակ ինչ է թաքնված, այլև գիտի, թե մրցակիցը ինչի է ընդունակ: Երբ հայտարարվեց կառավարության 100-օրվա կապակցությամբ հանրահավաք-հաշվետվություն կազմակերպելու մասին, շատերը հասկացան, որ իրականում դա «նոր Հայասատանի» «քաղաքական հակառակորդներին» ուժային ազդակներ հղելու հարմար առիթ և ձևաչափ էր, սակայն հաշվի առնված չէր, թերևս, մի բան. եթե ներքին լսարանի համար դա կարող է ժամանակավոր էֆեկտ ապահովել, ապա արտաքին լսարանի համար, օր.՝ Ռուսաստանի Դաշնության (պետք չէ մտածել, թե հանրահավաքի ցանկությունը պատահականորեն զուգադիպեց Ս. Լավրովի՝ Հայաստանի իշխանություններին ուղղված կոշտ ուղերձի հետ) նրա արդյունավետությունը կարող է գնահատվել զրոյից ցածր նիշով, որովհետև այս դեպքում միևնույնն է՝ Հրապարակում հարյուր հազար մարդ է «Նիկոլ» վանկարկում, թե՞ մեկ միլիոն:
Հանրահավաքային Հրապարակի գլխավոր ուղերձներից մեկը «անցումային արդարադատություն» կիրառելու սպառնալիքն էր, որի գաղափարական նախահայրը մեզանում առաջին նախագահն է: Թե ինչ է «անցումային արդարադատությունը» իրավաբանական առումով, այդ մասին արդեն խոսել են մասնագետները: Բայց դա հարցի մի կողմն է: Իսկ թե գործնականում դա ինչի կարող է հանգեցնել, հայտնի է ոչ հեռավոր անցյալից. մեր իրականության մեջ դա կվերածվի ստալինյան հայտնի «տրոյկաների» փորձի կրկնության, որը հասարակության մեջ կստեղծի ահ ու սարսափի մթնոլորտ՝ ծանոթ հետևանքներով. ազգաբնակչության մի ստվար հատված, կամա, թե ակամա, կդառնա գործ տվող, զրպարտիչ ու բանսարկու: Մանավանդ որ գործիքը նույնն է, ինչ-որ ստալինյան օրերին՝ Ազգային անվտանգության ծառայությունը, այլ կերպ՝ ՊԱԿ /КГБ-ն: Եվ մի՞թե այդ ամենից հետո հնարավոր կլինի խոսել «սիրո և համերաշխության հեղափոխության» մասին: Անցած օրերին հաճախ եմ մտքումս կրկնել՝ սա բոլշևիզմ է: Թերևս ցանկացած հեղափոխություն իր մեջ ինչ-որ չափով բոլշևիզմի տարրեր է պարունակում, անկախ այն բանից՝ տեղի է ունենում բռնությա՞մբ (զենքի գործադրումո՞վ), թե՞ խաղաղ (զանգվածային ցույցերի ու երթերի) ճանապարհով: Հավանաբար դա է պատճառը, որ շատերը խորշում են նույնիսկ «հեղափոխություն» բառից: Հեղափոխության ըմբռնումը մարդկանց գիտակցության մեջ զուգորդվում է զենքի և արյան հետ, որովհետև սովորաբար այդպես են իրացվում հեղափոխությունները: Բայց դա հեղափոխությունների միայն արտաքին՝ երևութական կողմն է, իրացման ձևը: Իրական հեղափոխությունները առաջին հերթին գաղափարների և գաղափարախոսությունների հեղափոխություններ են՝ կունենան դրանք ազգայի՞ն, թե՞ համամարդկային բնույթ: Հետևաբար, դրանք արժեքների հեղափոխություններ են, որոնց վերանայումից էականորեն կարող է փոխվել հասարակության կամ ազգության կենսակերպը: Եթե նույնիսկ այդ հեղափոխությունները տեղի են ունենում մասնակիցներից ոմանց արյան գնով, միևնույնն է, մեծ հաշվով, դրանք արդարացվում են, որովհետև որակական տեղաշարժեր են արձանագրում ապրողների և հետագա սերունդների կյանքում:
«Թավշյա հեղափոխությունը» նշված առումներով շատ բան չունի տալու հասարակությանը, որովհետև անհայտ է նրա գաղափարական արժեհամակարգը: Իսկ եթե առանձին մտքեր էլ հնչում են տարբեր առիթներով, ապա դրանք պարզապես առանձին մտքեր են, այլ ոչ թե հայեցակարգի բաղադրիչներ: Ընդ որում՝ շատերն էլ անընդունելի, որովհետև հիմնականում զուրկ են ազգային հենքից: Այսօրվա իշխող քաղաքական ուժը իշխանության է եկել մերժման կարգախոսով և շարունակում է գործել հիմնականում նույն կարգախոսով: «Նոր Հայաստանի» կառավարությունը առայժմ իշխանություն է ընդդիմության վարքագծով, որովհետև, մերժելով նախորդ իշխանությունների վարքագիծը, չի մշակել իրենը՝ նորը, որը կլինի իշխանական, բայց չի դադարի միաժամանակ լինել «ոչ իշխանական»: Իբրև իշխանական մոդել՝ նրա տեսլականը կարող է մոտ լինել, թերևս, գերմանականին, բայց տարբեր պատճառներով չի կարող կրկնել նրան: Եվ առաջին հերթին այն պատճառով, որ իբրև ազգություն՝ մենք գերմանացիներից շատ տարբեր ենք մեր խնդիրներով, մեր ազգային խառնվածքով և կենսական միջավայրով:
Հեղափոխության զավակները, որոնք տեղեր են զբաղեցրել գործադիր և օրենսդիր իշխանության բարձրագույն մարմիններում, գրեթե չունենալով աշխատանքային կենսագրություն, տառապում են ուրիշներին սովորեցնելու հիվանդությամբ: Ընդ որում, տնօրինելով իրականում չվաստակած քվեների (Հրապարակի քվեներին)՝ փորձում են դասեր տալ մարդկանց և քաղաքական ուժերի, որոնց կենսագրությունը զգալի չափով նույնանում է հայ ժողովրդի մի պատկառելի շրջանի պատմության հետ: Եվ փորձում են դասեր տալ Հրապարակի անունից, որը թատերաբեմ է, այլ ոչ թե՝ պետական ատյան: Քաղաքակիրթ և ժողովրդավարության ճանապարահ անցած, պետականության ինստիտուտներ ստեղծած երկրում Հրապարակը հասարակության մի մասի՝ մեծ կամ փոքր, տրամադրությունների ցուցիչն է, որը պիտի նկատի ունենան (որպես կանոն՝ ունենում են) պետական ու քաղաքական գործիչներն ու կուսակցությունները, բայց օրենքի ուժ չունի: Հրապարակի անունից գործելը նշանակում է նրան օրենքից վեր դասել: Իսկ դա նույնն է, թե բռնություն գործադրել ոչ միայն հասարակության մյուս մասի, այլև պետական ինստիտուտների, հետևաբար՝ պետականության նկատմամբ:
Կարծում ենք՝ թե՛ մեր պետականության և թե՛ իրենց շահերից է բխում, որ «թավշյա հեղափոխության» զավակները նկատի ունենան հետևյալը.
1) Այսօրվա իշխանությունը վաղը կարող է տեղը փոխել ընդդիմության հետ. նախորդ իշխանությունը կարծես թե այս մասին մոռացել էր և հետևանքները հայտնի են:
2) Պետությունը կառավարվում է ոչ միայն գրված, այլև չգրված օրենքներով, այսինքն՝ նաև բարոյական նորմերով և ավանդույթներով: Ի պատիվ մեր ժողովրդի, այսօր էլ ունենք պետականության կերտման գործում մեծ վաստակ ունեցող անհատներ, որոնց նկատմամբ, անկախ նրանց թույլ տված վրիպումներից, դիրքորոշում ճշտելիս չի կարելի անտեսել այդ գործոնը: Անդրանիկի նման առասպելական հերոսը նույնպես վրիպել է, երբեմն էլ … ճակատագրականորեն (նկատի ունեմ, մասնավորապես, նրա կեցվածքը Ղարաքիլիսայի ճակատամարտի ժամանակ), բայց դրանից չեն խամրում ոչ նրա ազգային դիմագիծը և ոչ էլ նրա հերոսականորեն անկրկնելի կերպարը մեր պատմության մեջ:
3) Հրապարակի գործոնը հավերժական է, բայց նրա վերաբերմունքը փոփոխական. Հրապարակը հաճախ է ձանձրանում տերերից, երբեմն էլ դաժանորեն պատժում է նրանց: Հրապարակը ավանդատու է, որին հաճախակի դիմելը ցանկալի չէ:
Պ. Հ.