Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մարտի 15-ին կայացած «Բարև»-ի հանարահավաքին ԱԺ պատգամավոր Նիոլ Փաշինյանը կրկին պնդեց Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ ստվերային կառավարություն ձևավորելու իր առաջարկը: Ավելին` այս անգամ նա նույնիսկ հուշեց դրա մեխանիզմը. «Կա առաջարկ` Րաֆֆի Հովհաննիսյանի արտոնությամբ եւ թույլտվությամբ Ազատության հրապարակում գումարել Բաց քաղաքացիական խորհուրդ, որտեղ քաղաքական, հասարակական գործիչներ, քաղաքացիական շարժման անհատ մասնակիցներ իրենց պատկերացումները կներկայացնեն նոր իշխանության ձեւավորման վերաբերյալ: Այս քննարկումը, սակայն, պետք է ունենա գործնական նպատակ, այն է՝ Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկներ ներկայացնել նոր կառավարության, նոր իշխանության ձեւավորման սկզբունքների եւ կազմի մասին»:
Հանրահավաքից անմիջապես հետո այդ ուղղությամբ քննարկումներ սկսվեցին: Ավելին` պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ստվերային կառավարության պոտենցիալ անդամ` մոտ 70 հոգի արդեն գիտի, որոնցից մի քանիսի անունները նաև հնչեցրեց: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը նաև շրջանառության մեջ դրեց ապրիլի 9-ը Հանրապետության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանին երկրի նախագահ կարգելու, այսինքն` Սերժ Սարգսյանի փոխարեն նրա ինաուգուրացիան համաժողովրդական ներկայությամբ կազմակերպելու գաղափարը, որը նա հետևողականորեն զարգացնում է յուրաքանչյուր հանրահավաքի ընթացքում:
Նիկոլ Փաշինյանը, փաստացի, սկսել է ապրիլի 9-ը Հանրապետության հրապարակում կրիտիկական զանգված հավաքելու մոբիլիզացիոն կոնկրետ գործընթաց: Թե' Հովհաննիսյանի ինաուգուրացիայի և թե' Բաց քաղաքացիական խորհրդի միջոցով ստվերային, այլընտրանքային կառավարություն ձևավորելու գաղափարները Ազատության հրապարակում` «Բարև»-ի շարժման շրջանակում, կապված հետագա անելիքների հետ, հնչած ամենակոնկրետ առաջարկություններն են: Դրա համար էլ շատ արագ մարսվում են զանգվածների կողմից և շատ ավելի մեծ արձագանք գտնում, քան չնահանջելու մասին Րաֆֆի Հովհաննիսյանի` կրկնվող հայտարարությունները: Նիկոլ Փաշինյանը փաստացի վերցրել կամ արդեն վերցնում է Ազատության հրապարակի հարթակը: Այնտեղ սկսում է տոն տալ նրա ոգին, գաղափարաբանությունը, հռետորիկան: Նա ոչ միայն գաղափարների գեներացման, շարժման տակտիկան հընթացս ճշգրտողի գործառույթն է ստանձնում, այլ նաև դրանք կենսագործողի:
Մարտի 18-ին, անդրադառնալով ստվերային կառավարության թեմային, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց. «Մենք ստվերային կառավարություն չունենք, Նիկոլ Փաշինյանն առաջարկել է այլընտրանքային մարմինների ստեղծման համար Քաղաքացիական խորհրդի կողմից քննարկում, որն այս պահին գաղափար է»: Բայց որքան էլ Մարտիրոսյանը չցանկանա տեսնել իրականությունը, այն արդեն սոսկ գաղափար չէ, որովհետև ի հայտ են եկել անձինք` ի դեմս Վարդգես Գասպարիի, Արա Նեդոլյանի, Դավիթ Ստեփանյանի, ովքեր, կարծես, «Բաց խորհուրդի» ձևաչափով սկսել են ստվերային կառավարության առանձնահատկությունների, կազմի շուրջ քննարկումները: Այսինքն` պրոցեսն արդեն ընթացքի մեջ է, և «Ժառանգությունն» աստիճանաբար հայտնվում է կա'մ այդ փաստի հետ համակերպվելու, կա'մ նախաձեռնությունն իր վրա վերցնելու երկընտրանքի առջև: Սա ճնշում է Հովհաննիսյանի նկատմամբ, ով իր թիմի հետ միասին հայտնվում են հետապնդողի, փաշինյանական մոտեցումների հետ համակերպվողի դերում:
Ինքնին սրա մեջ արտառոց ոչինչ չկա: Նախ` նման շարժումների դեպքում լիդերներին ենթագիտակցորեն հասունացնում ու առաջ է մղում զանգվածը. Փաշինյանը այդ էներգետիկ դաշտն ստեղծելու բավականաչափ հմտություն ու փորձ կուտակել է: Մյուս կողմից` միանգամայն առողջ տրաբանությունից է բխում նոր, թարմ գաղափարների առաջադրման ազատ դաշտի ստեղծումը, առանց որի որևէ առաընթաց հնարավոր չէ: Արտառոցը սեփական նախաձեռնությամբ այլընտրանքային կոնկրետ քայլերի առաջադրման բացակայությունն է: Օրինակ` Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը, զգուշավորություն ցուցաբերելով փաշինյանական կտրուկ քայլերի նկատմամբ, այնուամենայնիվ, չի կարողանում բացատրել, թե այդ դեպքում, որն է ինքը համարում ամենառացիոնալ տարբերակը: Րաֆֆիի թիմն այդպես էլ չի կարողանում ձևակերպել քաղաքական հստակ օրակարգ, իր կոնկրետ ակնկալիքները, յուրաքանչյուր իրավիճակում փորձում է գտնել լոկալ լուծումներ` առանց դրանք ընդհանուր հայեցակարգից բխեցնելու: Եվ դա պատահական չէ: Հացադուլի դիմած առաջնորդից դժվար է ապագայի պլանավորման, պայքարը շարունակելու հայեցակարգ ակնկալել. նրա ծրագիրն ավարտվում է իր դիակի վրայով Սերժ Սարգսյանի ինաուգուրացիան թույլ տալու կամ չտալու կետում: Րաֆֆին ինքն է հոժարակամ հրապարակի հարթակը հանձնել Փաշինյանին` վերցնելով միայն այն նստարանը, որտեղ անցկացնում է իր հացադուլի ակցիան, և այն փոքրիկ տաղավարը, որտեղ անցկացնում է գիշերները: Նա «Բարևի» շարժումը նեղացրեց մինչև իր անձնական խնդրի, ինչ-որ իմաստով մեկուսացրեց հասարակությանը` դիմելով հացադուլի, որն իր ծայրահեղության մեջ ավելի շատ հուսահատություն ու վերջ է ենթադրում, քան ընթացքներ ու զարգացումներ: «Բարև»-ի շարժումն այլևս սկսում է ընթանալ երկու ուղղությամբ` փաշինյանական-նախաձեռնողական և և հովհաննիսյանական-սպասողական: Հարցն այն է, թե դրանցից որը կհաղթի:
Գեւորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ