Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ:
Մրցույթի անցկացման անհրաժեշտության և մասնակցության պայմանների մասին մանրամասները երեկ հրապարակել է քաղաքապետարանի պաշտոնական կայքէջը:
Մրցույթի նպատակը՝
Ընտրել այն լավագույն նախագծային առաջարկությունները, որոնք ուղղված կլինեն Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակի կարևորագույն ճարտարապետական համալիրի արդիականացմանն ու հարմարեցմանը քաղաքաշինական զարգացման արդի գործընթացներին`մասնավորապես հաշվի առնելով հետևյալ իրողությունները.
- հրապարակն իրականում վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցի` իր բոլոր բացասական ազդեցություններով,
- Հանրապետության հրապարակին անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում ակտիվ սիլուետներ են ձևավորվել հրապարակի շուրջ` էականորեն աղճատելով համալիրի մասշտաբայնության և դոմինանտության կարևոր պայմանները,
- հրապարակը ձևավորող որոշ մասնաշենքեր գործառնական նշանակությամբ վերափոխվել են
- կառուցվել է երկու կարևորագույն հրապարակների միջև հետիոտն կապ հանդիսացող Հյուսիսային պողոտան,
- ի վերջո, Հանրապետության հրապարակը, հանդիսանալով համայն հայության խորհրդանիշ ու համազգային, համապետական և համաքաղաքային միջոցառումների իրականացման կարևորագույն հարթակ, Լենինի արձանի և դրա տրիբունայի ապամոնտաժման արդյունքում, ունի որոշակի դժվարություններ, զանազան հանդիսությունների կազմակերպման խնդրում:
Մրցույթի արդյունքների քննարկման ընթացքում առանձնակի ուշադրության կարժանանան հատկապես այն առաջարկությունները, որոնք հիմնավորված կլինեն մայրաքաղաքի կենտրոնի քաղաքաշինական առկա իրադրության համակողմանի վերլուծությամբ և այդ համատեքստում առավել հիմնավոր լուծումներ կառաջադրեն հրապարակի և հարող տարածքների վերակառուցման, ծավալատարածական հորինվածքների զարգացման և ներդաշնակման, ճարտարապետական միասնականության ապահովման խնդիրներում:
Մրցութային հանձնաժողովի նախագահը Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն է: