կարևոր
4681 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-06 17:20
Քաղաքական

Մարտական ոգու առումով մենք որևէ խնդիր չունենք, խնդիրը պետական մակարդակով գործը ճիշտ կազմակերպելու մեջ է․ Արսեն Համբարձումյան

Երկու տարի առաջ ճիշտ այս օրերին Մարտակերտի մատույցներում գտնվող կարևոր ռազմավարական բարձունքների պաշտպանության ժամանակ մեր բազմաթիվ ընկերներ իրենց կյանքը տվեցին, բայց կյանքի գնով իրենք կարողացան իրենց վստահված պաշտպանական բնագծերը ամուր պահել, ինչը նաև լուրջ նախադրյալներ ստեղծեց, որպեսզի Տոնաշենի և Մարտակերտի ուղղությամբ ադրբեջանական ուժերի հարձակման թափը կոտրվի։ Այս մասին Եռաբլուր զինվորական պանթեոնում մեզ հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը։

«2 տարի առաջ՝ 44-օրյա պատերազմի մեկնարկին, «Կամավորական շարժում» ՀԿ-ն մարտակոչով դիմեց, և ՀՅԴ-ն առաջիններից մեկն էր, որ իր շարքերը զորակոչի ենթարկեց և մեր ընկերները մեկ մարդու նման կազմ-պատրաստ առաջին բնագծերում էին, և մինչև վերջին օրը պահեցին իրենց բնագծերը և հերոսական մաքառումով օրինակ ծառայեցին, թե ինչպես պետք է պայքարել, ինչպես պետք է հաղթել։ Իրենք հայրենիքի զոհասեղանին դրել են ամենակարևորը՝ իրենց կյանքը, իրենք կռվել են հաղթելու համար, և մենք այսօր այստեղ ենք, որպեսզի ասենք, որ մենք շարունակելու ենք այդ գործը և իրենց սկսած պայքարը հասցնելու ենք հաղթական ավարտին»,- ասա նա։

Բանախոսի խոսքով՝ այսօր էլ տեսնում եք, որ Եռաբլուրում թարմ շիրիմներ են ավելանում, պատճառը, ըստ նրա, այն է, որ 44-օրյա պատերազմից հետո ճիշտ հետևություններ չենք արել և 2 տարվա ընթացքում, որ պետք է իրականացվեին` աշխատանքներ  բանակաշինության ասպարեզում, չեն իրականացվել և վերջին պատերազմական գործողությունները պայմանավորված էին նաև այդ իրողությամբ։

«Մեր տղաները միշտ ամուր են եղել, միշտ մարտական են եղել, այսօր ևս, մարտական ոգու առումով մենք որևէ խնդիր չունենք, խնդիրը պետական մակարդակով գործը ճիշտ կազմակերպելու մեջ է և այս առումով այն թերություններն ու բացերը, որ կան պիտի օր առաջ շտկվեն, բայց դրա համար անհրաժեշտ է, որ երկրում ձևավորվի իրոք ազգային իշխանություն, որպեսզի կարողանանք մեր մեջքը շտկել և մեր կորուստները նվազագույնի հասցնել, որպեսզի կարողանանք նոր հաղթանակներ տոնել»,- ասաց նա։