Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-12-12 15:00
Քաղաքական

Կոալիցիա մտնելու հարց քաղաքական օրակարգում չունենք. Հրանտ Մարգարյան

Կոալիցիա մտնելու հարց քաղաքական օրակարգում չունենք. Հրանտ Մարգարյան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, Yerkir.am-ի հետ զրույցում խոսելով ՀՅԴ-ի` կոալիցիա մտնելու հավանականության մասին, հայտնեց, որ նման առաջարկ իրենք չեն ստացել, ոչ էլ այդ մասին քննարկում են ունեցել: «Նման օրակարգ մեզ մոտ գոյություն չունի»,- ասաց նա:

Պատասխանելով հարցին` եթե կոալիցիա կազմելու առաջարկ լինի, կհամաձայնե՞ն, Մարգարյանն ասաց. «Մենք, համենայն դեպս, պատասխանատվությունից փախչող չենք, բայց ամեն գնով կոալիցիա լինելու հակամետ էլ չենք: Պայմաններով կարող ենք ընդունել ինչ-որ համագործակցության ձև, բայց  դա չի կարող ինքնանպատակ լինել: Մենք ունենք ծրագիր, մենք միշտ ասել ենք, որ ունենք յոթ կետ, օրակարգ, որի մասին միշտ խոսել ենք` բաց են մեր օրակարգերը, և բնական է, որ դրանք պետք է բավարարվեն, եթե համագործակցություն լինի»:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի խոսքով` համագործակցությունը տարբեր ձևերով կարող է լինել: «Մենք չենք քննարկել համագործակցության հարցը, որ որևէ նախընտրություն ունենանք: Մենք  ունենք մի օրակարգ, որի մասին բոլոր քաղաքական ուժերին ասել ենք` եթե ընդունեք, մենք պատրաստ ենք ձեզ հետ համագործակցել»,- ընդգծեց նա:

Հրանտ Մարգարյանն անդրադարձավ նաև ՀՅԴ-ի հասցեին հնչող քննադատություններին, որոնք գլուխ բարձրացրեցին քաղաքական օրակարգում  սահմանադրական բարեփոխումների հարցի ի հայտ գալուց հետո: «Սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ՀՅԴ-ի հասցեին հնչող քննադատությունը պարզապես անբարոյականություն է: Մենք մասնակցել ենք այս ընտրություններին այնպես, ինչպես ընդդիմությունն է մասնակցել: Ընդդիմությունն արել է` ինչ-որ արել է, արել ենք նաև մենք: Ոչ ավելի, ոչ պակաս: Բանն այն է, որ այս ընտրական համակարգում բացառված չեն խախտումները, և մենք պետք է փորձենք ընտրական համակարգը փոխել, Ընտրական օրենսգիրքը փոխել և դրա համար մենք միշտ խոսել ենք, ունենք առաջարկ և հիմա էլ այդ ուղղությամբ աշխատում ենք»,- ասաց նա

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի` Սահմանադրական դատարան դիմելու միջոցով հանրաքվեի արդյունքները չեղյալ համարելու ձգտումներին, Մարգարյանը դա բնական է համարում: «Բնական է, որ նրանք կարող են այդպես վարվել, բայց մենք չունենք այդ համոզումը, որ հանրաքվեն կեղծվել է այն չափով, որ արդյունքները փոխվեն: Եթե նրանք դիմեն ՍԴ, մենք ուշադրությամբ կհետևենք. եթե դատարանն ունենա որոշակի որոշում, մենք այդ որոշման հետ հաշվի կնստենք»,- շեշտեց նա: