կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-28 14:15
Քաղաքական

Պորտֆելների փոփոխության հարց մեր օրակարգում չունենք. Արսեն Համբարձումյան

Պորտֆելների փոփոխության հարց մեր օրակարգում չունենք. Արսեն Համբարձումյան

Տեղեկատվության ձեր աղբյուրները հավաստի չեն. լրագրողներին ասաց ՀՅԴ նորընտիր ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը` անդրադառնալով հարցին` արդյո՞ք ՀՅԴ-ական նախարարների պորտֆելների փոփոխման հարց կա:

«Դաշնակցության պարագայում տեղեկատվության միակ հավաստի աղբյուրը կարող է լինել ԳՄ-ն, և ես` որպես ԳՄ ներկայացուցիչ, ձեզ հավաստիացնում եմ, որ նման փոփոխությունների հարց մեր օրակարգում չունենք»,- ասաց նա, ապա հավելեց, որ սակայն քաղաքականության մեջ որևէ բան բացառված չէ, և եթե լինի նման փոփոխությունների անհրաժեշտություն, ապա դրա մասին իրենք կտեղեկացնեն:

Համբարձումյանը կրկնեց, որ այս պահին նման օրակարգ չունեն, և ասաց. «Մենք գործադիր իշխանության բարձրագույն օղակում աշխատող մեր երեք ընկերների աշխատանքից գոհ ենք և այստեղ որևէ խնդիր չենք տեսնում, հետևաբար` նաև փոփոխության անհրաժեշտություն չենք տեսնում»:

Հարցին` նրանք շարունակելո՞ւ են իրենց աշխատանքը, ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Ղազարյանն արձագանքեց. «Այս պահի դրությամբ` այո»:

Ինչ վերաբերում է հարցին, թե խզում կա՞ ՀՅԴ շարքերի և ղեկավար մարմինների միջև, շարքերն ավելի ընդդիմադի՞ր են, Համբարձումյանն արձագանքեց.  «Նման խզում գոյություն չունի, ավելի ճիշտ կլինի դա բնորոշել որպես շարքերից եկող խստապահանջություն, իսկ խստապահանջ լինելը մեկ բան է, խզման մասին խոսելը` մեկ այլ բան»:

Նրա խոսքով` Դաշնակցությունը երբեք կատարված աշխատանքով չի գոհացել, և բոլորը պետք է խստապահանջ լինեն ու չգոհանան եղած արդյունքներով:  

Համբարձումյանը նաև անդրադարձավ 2022 թվականի ընտրություններին ՀՅԴ-ի մասնակցության ձևաչափին: «Դաշնակցությունը միշտ էլ ինքնավստահ է գնացել ընտրություններին, գնացել է առանձին` իր հստակ օրակարգով: Կարծում եմ` հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք ավելի լավ արդյունքներ արձանագրելու հնարավորություն կունենանք»,- ընդգծեց նա:  

ԳՄ ներկայացուցչի խոսքով` ճիշտ է, Դաշնակցությունը երբեք չի եղել մասսայական կուսակցություն, և չեն էլ ակնկալում, որ մոտ ապագայում կարող է դառնալ այդպիսին, բայց կազմակերպական կառույցը ուժեղացնելու և ընտրություններին ավելի պատրաստ գնալու  համար հսկայական անելիք ունեն, այդ ուղղությամբ էլ աշխատանքներ են իրականացնում: