կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-05 11:41
Իրավական

Ինքը կրակում ա նրա վրա, էն մեկն էլ կրակում ա՝ էլի նրա վրա. Ագարակի քաղաքապետը՝ իր անվան հետ կապված միջադեպի մասին

Ինքը կրակում ա նրա վրա, էն մեկն էլ կրակում ա՝ էլի նրա վրա. Ագարակի քաղաքապետը՝ իր անվան հետ կապված  միջադեպի մասին

Արդեն հայտնել ենք, որ երեկ գիշեր կրակոցներ են հնչել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում: Ագարակի բնակիչ 42-ամյա Անահիտ Ոսկանյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ երեկ անհայտ անձը կրակոցներ է արձակել իր ամուսնու՝  53-ամյա Ստյոպա Հովհաննիսյանի ուղղությամբ: Կինը հայտնել է , որ այդ հանցագործությունը կատարվել է մի խումբ անձանց կողմից` Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի պատվերով:

Yerkir.am-ի տեղեկություններով՝ Ստյոպա Հովհաննիսյանը քաղաքապետարանի հետ հողային վեճ է ունեցել, որը շուրջ 5 տարի վիճարկել է տարբեր դատական ատյաններում, արդյունքում՝ պարտվել:

Դեպքի կապակցությամբ yerkir.am-ը զրուցեց Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հետ, ով հայտնեց, որ Երևանում է և կատարվածի մասին տեղեկացել է այսօր առավոտյան՝ կնոջից:

«Ես էլ հենց նոր տեղեկացա, կինս զանգեց, ինքն էլ մամուլից էր ծանոթացել, զանգեց հարցրեց, ես էլ՝ ինչքանով կարողացել եմ հետաքրքրվել, հակված չեմ ասելու, որ 100 տոկոսանոց ա, երևի քննությունը կպարզի: Ուրեմն երկու ավտո իրար բախվել են, էդ հայտարարած կնոջ ամուսինը «վինչեստր» հրացանով կրակում ա իրա ավտոյի վրա, իմ ինֆորմացիայով 100 տոկոս սենց ա եղել, վերջը կտեսնեք, որ տենց ա եղել, ինքը կրակում ա նրա վրա, էն մեկն էլ կրակում ա էլի նրա վրա, բայց ինչքան գիտեմ ոչ մեկին ոչ մի վնասվածք, ընդամենը հիմարություն էլի, կրակել են աքլորանալու նման, էն էլ ա երևի օդ կրակել, էն էլ, էդքան բան: Բայց թե դրա հետ ի՞նչ կապ ունի քաղաքապետը…»,-մեզ հետ զրույցում պատմեց քաղաքապետը: Ըստ նրա՝ իր անունը կապել են այս միջադեպին, որպեսզի հնչեղություն տան:

Անդրադառնալով Ստյոպա Հովհաննիսյանի հետ ունեցած հողային վեճին, քաղաքապետը պատմեց, որ Հովհաննիսյանը Չարենցի փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակիչներից է, ով իր մյուս հարևանների հետ խորհրդային միության փլուզումից հետո հողազավթում է արել և ապօրինի շինարարություն կատարել շենքի բակում: Սակայն տարիներ առաջ քաղաքապետարանը որոշել է այդ տարածքում զբոսայգի կառուցել և բնակիչներին առաջարկել է ազատել տարածքները: Քաղաքապետի խոսքով՝ շենքի բնակիչներից 5-ը դիմումներ են գրել և գրավոր համաձայնություն տվել, որ քաղաքապետատրանի միջոցներով քանդվեն ապօրինի շինությունները , սակայն Ստյոպա Հովհանիսյանը դեռևս 5 տարի առաջ դիմել է դատարան:

«Բոլոր ատյաններով անցել ա, դատարանի որոշում կա, որ պետք ա քանդվի դա, հիմա մեկ ամսվա ընթացքում պետք է հարկադիրը քանդի»,-ասաց քաղաքապետը և կարծիք հայտնեց, որ հնարավոր է սա է եղել պատճառը, որ Հովհաննիսյանի կինը նման հայտարարություն է արել: