կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-21 16:32
Հասարակություն

Լճում մամռակալման դեպքեր եղել են, բայց ես ոչ մի անգամ Սևանն այս վիճակում չեմ տեսել. բնապահպան

Լճում մամռակալման դեպքեր եղել են, բայց ես ոչ մի անգամ Սևանն այս վիճակում չեմ տեսել. բնապահպան

Բնապահպաններն ահազանգում են Սևանա լճի մամռակալման վտանգի մասին: Սեւանա լիճը 1964 թվականից պարբերաբար մամռակալել է, ինչը խոսում է այն մասին, որ լճում սկսվել են ճահճացման գործընթացներ:  Այս մասին լրագրողներ հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:

«Սա շատ լուրջ ահազանգ է բոլորիս համար: Լճում մամռակալման դեպքեր եղել են, բայց ես ոչ մի անգամ Սևանն այս վիճակում չեմ տեսել: Պետք է հասկանալ, որ դա միայն էկոլոգիական խնդիր չէ: Այդ պարագայում մենք չենք կարողանա լիճն օգտագործել նույնիսկ այլ նպատակների համար»,- ասաց նա:

Բանախոսն ասաց, երբ 2012 թվականին Սեւանա լճի մակարդակն իջեցվում էր, բնապահպաններն ահազանգել են` հայտնելով, որ վտանգների մասին:

«Մեզ չլսեցին և դա մեծ հարված եղավ Սևանի համար: Հիմա լճի միակ փրկությունը ջրի մակարդակի անհապաղ բարձրացումն է: Լուրերը, որոնք շրջանառվում են 6 մետրի մասին, գալիս են խորհրդային տարիներից: Դա նվազագույն շեմն է, որպեսզի լճում չդադարեցվեն ինքնամաքրման գործընթացները»,- ընդգծեց նա:

Բնապահպանի խոսքով` լիճը վերականգնելու համար հարկավոր է մաքրման կայաններ կառուցել եւ ոչ միայն:

«Մենք պետք է Սևան թափվող գետերի ջրի մաքրությանը ուշադրություն դարձնենք: Այն ջրերը, որոնք բերում ենք, օգուտի փոխարեն վնաս են տալիս: Առաջանում են բիոգեն նյութեր, որոնք նպաստում են ջրիմուռների բազմացմանը: Բացի այս, ջրի մակարդակի անընդհատ բարձրացում-իջեցումը նույնպես խանգարում է լճի մաքրման գործընթացին: Այս օրերին օդի բարձր ջերմաստիճանը ևս նպաստեց առկա խնդիրների սրմանը»,-նշեց նա:

Միեւնույն ժամանակ, Կարինե Դանիելյանը ուրախությամբ ընդգծեց, որ այս խնդիրների հետեւանքով ձկնաշխարհը չի վնասվել: «Մամռակալման գործընթացները տեղի են ունենում ափամերձ շրջաններում և այն վայրերում, որտեղ ջուրը չի շարժվում: Իսկ ձկները կարողացել են խույս տալ: Բացի այդ,  հիդրոէկոլոգիայի կենտրոնից հայտնում են, որ կարծես թե ջրիմուռները սկսել են վերանալ: 10-ը օրից,  երևի,  բարենպաստ վիճակ կունենանք»,- հավելեց բանախոսը:

Ջրի բացթողումների վերաբերյալ Կարինե Դանիելյանն ասաց. «Միշտ վեճի մեջ ենք եղել գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց հետ: Իմ կարծիքով, դա ճիշտ մոտեցում չի լինի և լճին կրկնակի վնաս կհասցվի»: