կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-29 12:56
Հասարակություն

Եթե էթինոլը վնասակար էլ չէ, այլ բան է, որ այն արտանետվում է 2, մեկ այլ բան` 100-200 անգամ ավելի. բնապահպան

Եթե էթինոլը վնասակար էլ չէ, այլ բան է, որ այն արտանետվում է 2, մեկ այլ բան` 100-200 անգամ ավելի. բնապահպան

Երեկ «Նաիրիտ»-ում տեղի ունեցած պայթյունի ու դրան հաջորդած հրդեհի կապակցությամբ ԱԻՆ-ը և առողջապահության նախարարությունը հավաստիացնում էին, որ այրվող նյութի` էթինոլի լաքի արտանետումն առողջության համար լիովին անվնաս է: Ավելին, ըստ ԱԻՆ-ի, հրդեհի ծուխն «ուղևորվում» էր Թուրքիա` քամու շնորհիվ:

Բնապահպան, «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ թե՛ առողջապահության, թե՛ արտակարգ իրավիճակների նախարարություններն իրականում հանրությանը չտրամադրեցին ամբողջական ինֆորմացիա, ինչն ուղղակի անվստահության առաջացրեց բնակչության շրջանում: «Ես մասնագետ չեմ և չեմ կարող ասել` որքանով է վտանգավոր Էթինոլ լաքը, բայց խնդիրն այն է, որ մենք այդպես էլ չստացանք մասնագիտական գնահատական «Նաիրիտ»-ում հրդեհի վերաբերյալ` չնայած այն փաստին, որ հանրությունը շատ անհանգստացած է: Երկու նախարարություններից էլ մենք ստացել ենք շատ ընդհանուր, ոչինչ չասող և իրականությանը չհամապատասխանող ինֆորմացիա»,- ասաց նա:

Ըստ բնապահպանի` եթե մենք գործ ունենք քիմիական միացությունների հետ, օրինակ` էթինոլի լաքի, ցանկացած ուղեցույցում գրված է` էթինոլի լաքը տոքսիկ նյութ է` ինքնաայրվող և ինքնապայթող հատկությամբ: «Մենք չգիտենք` ինչ նյութեր են այրվել էթինոլի հետ, չէ՞ որ այն օդի մեջ ուղղակի չէր այրվի: Իսկ գուցե նաև այդ մյուս նյութերը վնասակա՞ր են, ո՞վ իմանա: Ի վերջո, չունենք այդ նյութերի ցուցակն ու դրանց կոնցենտրացիայի մասին տեղեկատվություն: Նույնիսկ եթե այդ նյութը վնասակար չէ, այլ բան է, որ այն արտանետվում է 2, այլ բան` 100-200 անգամ ավելի: Դա օրգանիզմի վրա այլ ազդեցություն ունի: Դա էլ հո հասկանո՞ւմ ենք»,- ասաց նա:

Բնապահպանը նշեց նաև, որ հրդեհի մարումից հետո կարող են դանդաղ այրման պրոցեսներ տեղի ունենալ, որոնց ժամանակ այլ արտանետումներ են առաջանում, ինչի մասին նույնպես լռում են:

Զառաֆյանի կարծիքով` ամենևին էլ զարմանալի չէ, որ «Նաիրիտ»-ում նման դեպք է գրանցվել. տարիներ շարունակ դրա անվտանգության հարցով ոչ ոք չի զբաղվում: «Ինչո՞ւ են մարդիկ զարմանում, որ «Նաիրիտ»-ում նման բան եղավ, չէ՞ որ այն հսկա կառույց է, որտեղ տարբեր նյութեր կան, սակայն ոչ ոք չի վերահսկում կառույցն ու դրանց պահպանումը: Ո՞վ է դրա անվտանգությամբ զբաղվում, ոչ ոք հաշվետվություն չի ներկայացնում, այսինքն` ապահովագրված չենք հաջորդ` նման պայթյունից»,- ասաց նա:

Նշենք, որ երեկ ԱԻՆ-ը հայտնել էր, որ ՓԾ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակների մոնիտորինգի խումբն իրականացրել է տեղում վերցված օդի փորձանմուշների ուսումնասիրություն, որի արդյունքում օդի բաղադրության մեջ մարդկանց առողջության համար վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել: