Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այց կատարեց Վարդենիս խոշորացված համայնք: Համայնքապետարանում մարզպետը խորհրդակցություն անցկացրեց Վարդենիս համայնքի բնակավայրերի վարչական և Վարդենիսի տարածքի չխոշորացված համայնքների ղեկավարների հետ: Օրակարգում քննարկվեցին տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման և աշխատանքային կատարողական կարգապահության բարձրացման հետ կապված հարցեր: Իշխան Սաղաթելյանի դիտարկմամբ թերացումները բոլոր համայնքներում գրեթե նույն բովանդակությունն ունեն՝ սեփական եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշներ, գրությունների պատասխանների և հաշվետվությունների ուշացումներ, անփույթ ու անհոգի վերաբերմունք աշխատանքի նկատմամբ, այլ դրսևորումներ, որոնք անհանդուժելի են: Մարզպետը կարևորեց մարզպետարան- համայնքներ համագործակցված աշխատանքի իրականացումը, որի արդյունքում միայն հնարավոր կլինի գտնել կուտակված խնդիրների լուծման բանալին: «Սեփական եկամուտների հավաքագրման ընթացքից արդեն իսկ կարելի է պատկերացում կազմել աշխատանքի արդյունավետության մասին: Այն համայնքներում, որտեղ որոշակի շարժ է նկատվում, այնտեղ բարձր է նաև սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը, իսկ որտեղ աշխատանք չի նկատվում, անբավարար է նաև սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը: Մենք անչափ կարևորում ենք տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացումը, որի դեպքում միայն սոցիալ-տնտեսական շատ հիմնահարցեր կարող են ստանալ իրենց լուծումը: Ցավոք սրտի, համայնքների որոշ ղեկավարներ չեն տիրապետում իրավիճակին, ծագած հիմնախնդիրների լուծման միջոցներին և, իրենց լիազորությունների շրջանակներում հարցերը կարգավորելու փոխարեն , բնակչությանն ուղորդում են դեպի մարզպետարան կամ ճանապարհներ փակելու ոչ խելամիտ գործողությունների: Մենք ունենք նաև համայնքների ղեկավարներ, ովքեր աշխատում են ամենայն պատասխանատվությամբ ու արդյունավետորեն, անթերի ու ժամանակին կատարում իրենց պարտականությունները» -նշեց Գեղարքունիքի մարզպետը:
Ինչպես ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը, այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Վարդենիսի տարածքի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը կազմել է 49,4 տոկոս, որը մարզի միջինից ցածր է 17,6 տոկոսով:Հավաքագրման արդյունքներն առավելապես ցածր են հողի հարկի գծով, որտեղ առանձին համայնքներ չեն հատել նույնիսկ 10 տոկոսի շեմը: Այս ուղղությամբ Իշխան Սաղաթելյանը հրահանգեց՝ ամենասեղմ ժամկետներում բարձրացնել տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները և մարզպետարան ներկայացնել հրատապ լուծում պահանջող ծրագրեր, որոնք այս պահին ամենակենսական նշանակությունն ունեն տվյալ համայնքի համար, և որոնք կիրկանացվեն ՀՀ կառավարության աջակցությամբ:
Մարզպետ Իշխան Սաղաթելյանը այցելեց Վարդենիս քաղաքի մի շարք թաղամասեր և տեղում ծանթացավ հրատապ լուծում պահանջող խնդիրներին: Ըստ համայնքի ղեկավարի ներկայացման՝ «Բանդեր» թաղամասում կոյուղին տարիներ շարունակ հոսում է վերգետնյա՝ հակասանիտարական վիճակ ստեղծելով բնակչության ու շրջակա միջավայրի համար: Երիտասարդական փողոցի բազմաբնակարան մի քանի շենքերի տանիքների նորոգումը և Գայի փողոցի ասֆալտապատումը ևս ներկայացվեցին հրատապ լուծում պահանջող խնդիրների ցանկում, որոնց շուրջ մարզպետարանում տեղի կունենա լրացուցիչ քննարկում:
Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժին