կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-29 10:09
Հասարակություն

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց կատարեց Չկալովկա եւ Նորաշեն համայնքներ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց կատարեց Չկալովկա եւ Նորաշեն համայնքներ

Սեպտեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այց կատարեց Չկալովկա եւ Նորաշեն համայնքներ: Այցի ընթացքում նրան ուղեկցեցին Չկալովկա համայնքի ղեկավար Վահրամ Կարապետյանը, Նորաշեն համայնքի ղեկավար Գառնիկ Գասպարյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ:

Չկալովկա համայնքում մարզպետն այցելեց մանկապարտեզ, դպրոց եւ համայնքապետարան, որտեղ հանդիպում ու զրույց ունեցավ կրթական հաստատությունների մանկավարժների, համայնքապետարանի աշխատակիցների, ինչպես նաեւ՝ գյուղի բնակիչների հետ:

Դպրոցի տնօրենի եւ ուսուցիչների ներկայացման համաձայն՝ օրախնդիր հարց է դարձել սանհանգույցների կառուցումը, ինչպես նաեւ՝ երթեւեկող ուսուցիչների եւ աշակերտների համար երթեւեկության պատշաճ կազմակերպումը:

Մարզպետը խոստացավ գտնել համապատասխան հնարավորություններ ու լուծումներ՝ տեղում հանձնարարականներ տալով մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությանը:

Համայնքի ղեկավարի եւ բնակիչների ներկայացման համաձայն՝ Չկալովկայում առաջնահերթ լուծում պահանջող խնդիր է համարվում Սեւան-Վարդենիս մայրուղուց մինչեւ գյուղամեջ տանող ճանապարհի հիմնանորոգումը: Իշխան Սաղաթելյանը նշեց, որ հիմնախնդիրն արդեն ներկայացված է կառավարության ուշադրությանը եւ, ամենայն հավանականությամբ, իր լուծումը կստանա եկող տարվա ընթացքում:

Նորաշենում մարզպետն այցելեց դպրոց, համայնքապետարան եւ բուժկետ, որտեղ համայնքի ղեկավարի, դպրոցի տնօրենի եւ բնակիչների հետ քննարկեց հրատապ լուծում պահանջող հարցեր:

Համայնքի ղեկավարի եւ դպրոցի տնօրենի ներկայացման համաձայն՝ գյուղի համար հրատապ լուծում պահանջող խնդիր համարվեց դպրոցական շենքի նորոգումը եւ արոտների ջրարբիացումը:

Դիտարկելով դպրոցի շենքային պայմանները եւ հաստատության կողմից տնտեսված դրամական միջոցների չափը՝ մարզպետ Իշխան Սաղաթելյանը հանձնարարեց՝ սեղմ ժամկետներում կազմակերպել մասնակի նորոգման աշխատանքներ:

Անդրադառնալով արոտների ջրարբիացման խնդրին՝ մարզպետը հայտնեց, որ խնդրի շուրջ կարվի լրացուցիչ քննարկում, եւ միջոցների ու հնարավորությունների գտնվելուն պես կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր:

«Համայնքային այցերի արդյունքում մենք մոտակա մեկ-երկու ամիսների ընթացքում արդեն կունենանք մարզի բոլոր բնակավայրերի ինտերակտիվ քարտեզը, որտեղ արձանագրված կլինեն բոլոր հիմնախնդիրները, դրանց լուծման հնարավոր տարբերակները, գրավչությունները, զարգացման հեռանկարները եւ գերակա ուղղությունները: Այս այցերի հիմնական նպատակն այն է, որ ամեն հիմնախնդիր կարողանանք հասկանալ ու գնահատել տեղում եւ հստակեցնել սպասվող ներդրումների ճշգրիտ հասցեականությունը: Չկալովկայում ու Նորաշենում բարձրացված բոլոր հիմնախնդիրները կգտնվեն մեր ուշադրության կենտրոնում ու մոտ ապագայում քայլ առ քայլ կստանան իրենց հիմնարար կամ մասնակի լուծումները»,-հավաստեց Գեղարքունիքի մարզպետը:

Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժին

գեղմարզ