կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-03 14:03
Հասարակություն

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ԱՔՍԵՍ միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ԱՔՍԵՍ միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին

Հուլիսի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց ,,ԱՔՍԵՍ,, միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Բասմա Բենթահերին և նրա գլխավորած աշխատանքային խմբին: Հանդիպման օրակարգում ,,ԱՔՍԵՍ,, կազմակերպության կողմից Գեղարքունիքի մարզի Դդմաշեն, Գեղամավան, Ծաղկունք, Սեմյոնովկա և Ծովագյուղ համայնքներում 150 մեգավատ ընդհանուր հզորության հողմակայանի կառուցման նախագծի քննարկումն էր, որն անցավ փոխըմբռնման մթնոլորտում:

Բասմա Բենթահերի ներկայացմամբ՝ նախագիծը կյանքի կոչելու համար նախորդ տարիների ընթացքում ՀՀ կառավարության, Գեղարքունիքի մարզպետարանի և  տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ կատարվել է որոշակի աշխատանք, սակայն հիմնական անելիքները դեռ մնում են առջևում:

,,Տեղադրվել է չափիչ կայանը, որտեղ արդեն 4 ամիս է չափվում է քամու արագությունը: Նախնական արդյունքները հուսադրող են, սակայն դրանց հստակ պատկերը կունենանք 6 ամսվա չափումների արդյունքներով: Հողի վարձակալության պայմանագրեր կնքել ենք 4 համայնքների հետ, իսկ Սեմյոնովկայի հետ դեռ որոշակի խնդիրներ ունենք կարգավորելու: Մեր դիտարկումներով՝ քամու արագությունը Գեղարքունիքում ամենաբարձրն է Սևանի  տարածաշրջանում, դրա համար էլ ընտրել ենք վերոնշյալ համայնքների տարածքները: Մենք արդեն որոշակի պայմանավորվածություն ունենք միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ՝ նախագիծը կյանքի կոչելու համար: Այստեղ մեծ կարևորություն է տրվելու բնապահպանական և սոցիալական խնդիրների լուծմանը: Մեր աշխատանքային խմբում ընդգրկված մասնագետների դիտարկմամբ՝ նախագծի իրականացումը միայն դրական ազդեցություն կունենա թե բնապահպանական,  թե  սոցիալական ոլորտներում: Հողմակայանի շինարարությունը նախատեսվում է սկսել 2019 թվականին և ավարտել 2020 թվականին,,-հավաստեց   Բասմա Բենթահերը:

Մարզպետ Իշխան Սաղաթելյանը հայտնեց իր լիակատար աջակցությունն ու պատրաստակամությունը՝ Գեղարքունիքի մարզի տնտեսության համար այս չափազանց կարևոր ծրագիրը կյանքի կոչելու համար:,,Մեր ներկայացուցիչը մշտական կապի մեջ կլինի ձեզ հետ, կհանդիսանա մեր համայնքների և ձեր կազմակերպության միջև կայուն համագործակցություն ստեղծող օղակ: Կաջակցենք, կօժանդակենք բոլոր խնդիրներում, որպեսզի սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության այս ծրագիրն իրականություն դառնա,,-նշեց մարզպետը:

Ապա քննարկման շրջանակն ընդլայնվեց Ծովագյուղ, Դդմաշեն, Ծաղկունք, Գեղամավան, Սեմյոնովկա համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում ևս Իշխան Սաղաթելյանը հորդորեց նրանց՝ ցուցաբերել ամենալայն աջակցություն ,,ԱՔՍԵՍ,, ընկերությանը՝ նախագիծը ժամանակին ու անխափան կյանքի կոչելու համար:

Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության  բաժին