Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս Գեղարքունիքի հարգարժան մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Lragir.am-ին տված հարցազրույցում, պատասխանելով լրագրողի` ամենաաղքատը համարվող մարզում բողոքի ալիքի ու սոցիալական բունտի հավանականության, մարզից արտագաղթի ծավալների մասին հարցերին, ասել է, թե մարդիկ խոպաններում են, եւ Գեղարքունիքի մարզը դեռեւս խորհրդային տարիներից է արտագնա աշխատանքով զբաղվում, որ դա միայն այսօր չէ:
Այնուհետեւ մարզպետը նշել է, թե ընդդիմությունը միշտ դժգոհում է, որ մարզի իշխանությունները մարդկանց արգելում են գնալ հանրահավաքների, բայց նման դեպքեր չեն եղել, իսկ կոնկրետ Սեւանում մարդկանց ահաբեկելու վերաբերյալ խոսակցությունների մասին էլ ասել է, թե «էդ նույն մարդիկ որոշ ժամանակ առաջ խանդավառությամբ գնացին ընտրություններին և իրենց ձայնը տվեցին գործող նախագահին»:
«Ինչպե՞ս եղավ, որ մարդիկ դժգոհ հեռանում են Գեղարքունիքից, բայց այդքան ձայն տվեցին գործող նախագահին»,- լրագրողի հարցին մարզպետը պատասխանում է, թե դժգոհ չեն.
«Կարծում եմ` արտագնա աշխատանքի գնացողները տեսնում են, որ այսօրվա նախագահը հավասարակշռված արտաքին քաղաքականություն է վարում, որը շատ կարեւոր է արտագնա աշխատանքի մեկնողների համար: Մարդիկ կարող են դուրս գալ, գնալ աշխատանքի: Կյանքը իրենց պարտադրում է, որպեսզի մեկնեն Ռուսաստան արտագնա աշխատանքի: Ռուսաստանի հետ վարած քաղաքականությունը, կրկնում եմ, վարած քաղաքականության մասին է, ոչ թե նախագահը նպաստում է»,- ասել է Ռաֆիկ Գրիգորյանը:
Հայաստանի Հանարպետության կառավարման համակարգում իրերն այնպես են դասավորվել, որ մարզպետը տվյալ մարզում համարվում է ՀՀ նախագահի ներկայացուցիչը: Կոպիտ ասած` նախագահի դեմքը, միտքը, խոսքը տվյալ մարզում ներկայացնողը: Ու եթե մարզպետն ասում է, որ նախագահը չի նպաստում Գեղարքունիքի մարզից արտագաղթին, ուրեմնմ որպես նախագահի ներկայացուցիչ, նրա բերանով նախագահն է ասում, որ տվյալ մարզում ինքը չի նպաստում արտագաղթին:
Համապատասխանաբար` եթե մարզպետն ասում է, որ նախագահի վարած արտաքին քաղաքականությունը կարեւոր է խոպան մեկնողների համար, նշանակում է նախագահն այդ մարզի բնակիչներին ասում է, որ իր վարած քաղաքականությունը կարեւոր է նրանց, հատկապես` խոպանչիների համար:
Իհարկե, նախագահականում կարող են համաձայն չլինել այս տեսակետի հետ, գուցե մարզպետը ներքին կարգով մի երկու դաստիարակչական «թաթալոշ» էլ ստանա նախագահականից, բայց, վերջիվերջո, դրանից հարցի էությունը չի փոխվում: Փաստ է արձանագրում մարզպետը` «նախագահի վարած արտաքին քաղաքականությունը կարեւոր է արտագնա աշխատանքի մեկնողների համար` մարդիկ կարող են հանգիստ դուրս գալ աշխատանքի», եւ վե’րջ…
Դե թող հիմա նախագահականում մտածեն, թե «հերքման» ինչ տեքստ պետք է մշակեն` մարզպետի գցած քարը ջրից հանելու համար, քանի որ նախագահն անձա՞մբ է նպաստում արտագնա աշխատանքի մեկնողներին, թե՞ նրա վարած քաղաքականությունը` տարբերություն չկա:
Այս հայտարարությունից հետո երկու հնարավոր զարգացումներ պետք է լինեն` ըստ տրամաբանության: Առաջինը` մարզպետը չի հասկացել նախագահի վարած արտաքին քաղաքականության էությունը, ու սխալ հայտարարություն է արել: Այդ դեպքում մեղավորը մարզպետը չէ, միեւնույն է` նախագահն ինքն է այդ մարզպետին նշանակել` որպես իր ներկայացուցիչը Գեղարքունիքի մարզում: Հետեւաբար, լրագրողներն ու քաղաքացիները ինչ լսում են այդ մարզպետից, դա, արդարացիորեն, ընկալվում է որպես նախագահի տեսակետ: Դա այդպես է` եթե անգամ մարզպետն ամեն ինչ «լրիվ ոնց որ խառնել է սաղ…»: Որովհետեւ նրան նշանակողը պետք է ճիշտ կադրային քաղաքականություն վարեր ու այդ մարզում նշանակեր այնպիսի ներկայացուցիչ, որը չէր աղավաղի իր վարած քաղաքականության էությունը:
Այդ դեպքում կա’մ նախագահը պետք է հրաժարվի այն մարզպետի ծառայություններից, ով չգիտի իր ղեկավարի վարած քաղաքականությունը, կա’մ պետք է համակերպվի այն մտքի հետ, որ Գեղարքունիքում իրեն կշարունակի ներկայացնել մարդ, ով այդ տեսակետները չի հասկանում կամ ճիշտ չի ներկայացնում, կամ էլ մի բան է ասում, սակայն այլ բան նկատի ունի, հայտնում է սեփական մտքերը` այդպես էլ չհասկանալով, որ այն օրվանից, երբ իրեն նշանակեցին Գեղարքունիքի մարզպետ, այդ օրվանից իր հնչեցրած տեսակետներն իրենը չեն, այլ երկրի նախագահինը:
Թեեւ կա նաեւ երկրորդ տարբերակը` գուցե Ռաֆիկ Գրիգորյանը լավ էլ հասկացե՞լ է նախագահի վարած արտաքին քաղաքականության էությունը, ու հիմա պետք է որ ժողովո՞ւրդն էլ հասկանա, թե որն է դա…
Գեւորգ ԱՎՉՅԱՆ