կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-19 20:29
Հասարակություն

Պատգամավորները հունիսի 27-ին կայցելեն խոշորացված Դիլիջան համայնք

Պատգամավորները հունիսի 27-ին կայցելեն  խոշորացված Դիլիջան համայնք

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 19-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը:

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասը՝ պատգամավորները հաստատել են հանձնաժողովի աշխատակարգը, որը համապատասխանում է ՀՀ ԱԺ խորհրդի սահմանած օրինակելի աշխատակարգին: Նշենք, որ այսուհետ, ըստ հանձնաժողովի որոշման, եթե նիստի հրավիրված ժամին չի ապահովվում քվորում, ապա լրացուցիչ հատկացվում է եւս մեկ ժամ:

Օրակարգային երկրորդ հարցը ՀՀ խոշորացված համայնքներ այցերի կազմակերպումն էր, որը նպատակ ունի պարզելու համայնքների խոշորացման արդյունքում ի հայտ եկած դրական եւ բացասական կողմերը, լսելու թե խոշորացված համայնքների բնակիչների, թե ՏԻՄ ներկայացուցիչների կարծիքները: Հանձնաժողովի անդամները հունիսի 27-ին կայցելեն գործընթացի առաջին փուլում խոշորացված Դիլիջան համայնք: 

Այցի արդյունքների մասին կիրազեկվի ՀՀ Ազգային ժողովը: 
Տեղեկացնենք, որ համայնքների խոշորացման գործընթացը փուլ առ փուլ շարունակվում է: