կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-19 11:26
Քաղաքական

Ոնց ա իմ դեմքին նայելու...Սեյրան Սարոյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

Ոնց ա իմ դեմքին նայելու...Սեյրան Սարոյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը «խայտառակություն» է որակում պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում խուզարկության արդյունքում Ազգային անվտանգության ծառայության բացահայտած փաստերը։

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Սեյրան Սարոյանը հիշեցրեց ամիսներ առաջ իր արած արտահայտությունը, որ զինվորի բաժինը գողացողին Աստված է պատժելու։ Նրա խոսքով՝ այս դեպքում Աստված նրան պատժեց` խայտառակ անելով։ «Մի քանի ամիս առաջ հիշում եք, որ ասեցի` ով զինվորի բաժինը գողանա, եթե դատախազը չպատժի, Աստված կպատժի: Աստված արդեն իրան պատժել ա, հիմա էլ դատախազն ա պատժելու»,- ասաց Սարոյանը:

Նա շեշտեց, որ տեղյակ չի եղել այդ ամենից, իր համար անակնկալ է եղել: «Հիմա էլ եմ ասում, թող բոլորը լսեն` ով բանակից գողւոթյուն ա արել, տանեն, հետ տան, իրենք, միևնույն ա, պատժվելու են։ Ես մտածում եմ, թե ինքը ո՞նց ա իմ դեմքին նայելու, որովհետև այնպիսի երդումներ ա կերել…»,- ասաց պատգամավորը։

Ըստ Սարոյանի` զենք բոլոր երկրապահներն էլ կարող են ունենալ, բայց զինվորի բաժինը գողանալն անընդունելի է: «Երեկվանից շոկի մեջ եմ։ Էն էրեխեքի նամակները որ տեսա, ես մեռած էի, թաղած չէի։ Ո՞նց կարելի էր հերոսից իջնել տուշոնկա գողացողի մակարդակի։ Ի՞նչ չուներ ինքը, ի՞նչն էր պակաս»,- նշեց նա։

Սարոյանն ընդգծեց, որ Մանվել Գրիգորյանին ձերբակալելու օրը մտածում էր, որ նրան ապօրինի զենք պահելու համար են ձերբակալում:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հայտարարությանը, թե նախաքննության ընթացքում վերականգնելու է իր պատիվը, նա ասաց. «Ի՞նչ պատիվ: Զատիկից հետո կարմիր ձուն ո՞ւմ ա պետք: Հիմա թող իրան ճղի, ասի` էդ տուշոնկեն էս կամ են ճանապարհով ա մեր տուն եկել, էլ չի փրկի ոչ մի բան»: