կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-10-26 13:01
Հասարակություն

Գնալու ա զանավեսկի հետև, ինչ ուզենա` անի. Սեյրան Սարոյանը՝ հանրաքվեի մասին

Գնալու ա զանավեսկի հետև, ինչ ուզենա` անի. Սեյրան Սարոյանը՝ հանրաքվեի մասին

Այսօր լրագրողները սահմանադրական փոփոխությունների մասին մի քանի հարց ուղղեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանին: Նախ հարցրեցին` ի՞նչ կարծիք ունի այն մտահոգությունների մասին, որ հանրաքվեի ժամանակ ճնշում կգործադրեն ընտրողների վրա:

«Ո՞վ ա ճնշելու, ո՞ւմ են ճնշելու, էսա ժողովուրդը քվեարկություն կանի, ամեն ինչ կիմանաք: Մեր ազգը պետք ա հասկանա, որ ամեն ինչից առաջ օրենքն ա, օրենքը: Ժամանակը ցույց կտա, որ էսօրվա արած մեր քայլը ճիշտ ա: Ես հավատում եմ, որ 100 տոկոսով ճիշտ քայլ ենք անում, մարդիկ կանցնեն, կգնան, օրենքները կմնան»,- ասաց Սեյրան Սարոյանը:

Ինչ վերաբերում է սահմանադրական հանրաքվեն կեղծելու մասին հարցին, նշեց. «Ժողովուրդը որ մտավ զանավեսկի հետև, էդ ո՞վ ա գալու արանքից նայի, տենա` դու ինչ ես անում: Եթե ժողովուրդը չուզեց, ուզում ես փող տուր, ուզում ես ասա, ինչ ուզում ես արա, մեկ ա `գնալու ա զանավեսկի հետև, ինչ ուզենա անի, ժողովուրդը նենց մարդ ա, որ տոչնի գիտի, որ ուղղությամբ էթա»:

Լրագրողները պնդեցին` բայց կարող է, չէ՞, հանրաքվեն կեղծվի: Սարոյանը պատասխանեց. «Էհ լավ էլի: Ախր ի՞նչը կեղծվի: Որ սաղին չհավատան, էսի կըլնի պետությո՞ւն, պետք ա հավատալ»:

Լրագրողները հարցրեցին` ինչո՞ւ նախկինում չէր գործում օրենքը և պիտի այն գործի սահմանադրական փոփոխություններից հետո, պատգամավորը պատասխանեց. «Դե, նենց ենք անելու, որ գործի, էլի»: Նա համաձայն չէր, որ օրենքները հիմա չեն գործում. «Ո՞ր օրենքը չի գործել»:

Լրագրողները նշեցին, որ արդարադատության հարցում օրենքը հավասար չի գործում բոլորի համար, երբ պաշտոնյաների բարեկամները կարող են սպանել կամ ծեծել, բայց չպատժվել: «Բայց պարզվում ա, չէ՞, էդ ամեն ինչը: Սկզբից սթից շուխուրն էթում ա, ոնց ուզում են, մեկնաբանում են, հետո էդ անտերը պարզվում ա` ով մեղավոր ա, ով մեղավոր չի: Հո չե՞ն կարա զոռով մարդկանց բռնեն, նստացնեն: Ամեն ինչ պարզաբանվում ա, քննություն ա էթում, ոչ մի քննիչ իրա վրա տենց բաներ չի վերցնի: Համ էլ ժողովրդական կարծիքն ուրիշ բան ա, ասենք` մի անգամ լրագրողին մի հատ բան են ասում, ու գնաց սայթերով շուխուրը, հետո պարզվում ա, որ էտի տենց չի էլել»,- ասաց Սեյրան Սարոյանը:

Հարցին, թե մասնակցելո՞ւ է «Այո»-ի քարոզարշավին, պատասխանեց, որ, անշուշտ, մասնակցելու է, իր ընտրատարածքում խոսելու է ընտրողների հետ, հանդիպումներ է ունենալու, բացատրելու է:

Հարցին, թե ի՞նչ է փոխվելու մարդկանց կյանքում սահմանադրական փոփոխություններից հետո, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Մենք գնում ենք դեմոկրատիա, ճի՞շտ ա: Հիմա մենք օրենքները փոխում ենք, որ մեր ժողովուրդը, մեր էրեխեքը լավ ապրեն: Մարդիկ փոխվելու են, խոմ էսի հավերժ չի՞: Հո ես հավերժ դեպուտատ չե՞մ լինելու: Սաղս էլ փոխվելու ենք: Ես առաջ բանակում չէի՞, հիմա գիտե՞ս` բանակում ինչ լավ ջահել տղերք կան, չփոխվա՞նք»:

Իսկ հնարավո՞ր է, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում ինքն այլևս չհայտնվի, պատասխանեց. «Կարող ա, ի՞նչ կա որ»: Ուրեմն ինչո՞վ է զբաղվելու: «Այ մարդ էնքան զբաղվելու բան կա, կեթամ տուն»,- ասաց Սեյրան Սարոյանը:

Հարցին, թե այս սահմանադրական փոփոխություններն արվում են Քոչարյանին ասպարեզ բերելու համա՞ր, պատգամավորը պատասխանեց. «Պահ, պահ, պահ, մի\' անձնավորեք, ոչ մեկի ո\'չ գալու համար ա, ո\'չ էթալու համար ա»:

Լրագրողները հարցրեցին` ճի՞շտ են լուրերը, որ էջմիածնում բոլորը վախենում են Մանվել Գրիգորյանից ու Սեյրան Սարոյանից: «Խի՞ չեք ասում` սիրում են, որ ասում եք` վախենում են: Ընչի՞ են վախենում, ո՞ւմ ենք ինչ արել: Արդեն մուտիլովկեք եք անում: Ընձի սաղ էլ սիրում են: Լավ, ի՞նչ պիտի անենք մեր ժողովրդին»: