կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-12 15:45
Քաղաքական

Մարուքյանը պարզաբանեց` ինչն է փոխվել ընդդիմությունից իշխանության անցնելիս, որ հիմա կողմ են պարտադիրին

Մարուքյանը պարզաբանեց` ինչն է փոխվել ընդդիմությունից իշխանության անցնելիս, որ հիմա կողմ են պարտադիրին

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը չի կարծում, որ երեկ միջադեպ է եղել: «Դա բուռն քննարկում էր, և քննարկման ժամանակ վարչապետը և նախարարները` Մինասյանը, Թանդիլյանը, Զեյնալյանը և այլք, իրենց կարծքիներն են արտահայտել, ինչը նորմալ է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

«Երկու տարբերակ ունի կառավարությունը` կա'մ կոմիտեի նիստերում կազմակերպել այդ քննարկումները, բախումները, հետո նոր գնալ նիստի, կա'մ անել այն, ինչ տեղի ունեցավ երեկ նիստի ժամանակ»,- ասաց պատգամավորը:

Մարուքյանի խոսքով` հարցը երկար ժամանակ եղել է վիճահարույց, և բնական է, որ այդ հարցի հետ կապված պետք է լիներ նման թեժ քննարկում: «Կառավարությունում այնպիսի մարդիկ էին` պարոն Մինասյանը, տիկին Թանդիլյանը, պարոն Զեյնալյանը, պարոն Փաշինյանը, ովքեր ժամանակին իրենց անցած ճանապարհի ընթացքում որոշակի գործողություններ են արել պարտադիր կուտակային համակարգի հետ կապված»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով` իրենց դիրքորոշումը քննարկվել է կուսակցությունում, և Մանե Թանդիլյանը` որպես սոցապ նախարար, առաջարկություն է արել հետաձգել պարտադիրի ուժի մեջ մտնելը և փորձել քննարկումներով կողմերին բերել համաձայնության ու գտնել լուծումներ, որովհետև, անգամ քայլ առաջ ունենալով, այս նախագիծը պարտադիր բաղադրիչը չի վերացնում, բայց կա նաև կարծիք, որ եթե պարտադիր բաղադրիչը չլինի, համակարգը չի աշխատի: «Մեր քաղաքացիները կամավոր չեն տանի վճարեն, սա լուրջ պրոբլեմ է»,- նշեց Մարուքյանը:

Yerkir.am-ի ճշտող հարցին` հիմա է՞լ կառավարության հանդեպ վստահություն չկա, որ նշում է, թե մարդիկ կամավոր չեն վճարի կուտակայինը, նա պատասխանեց. «Վարչապետը դրա մասին հայտարարություն արեց ԱԺ-ում, որ ժամանակին վստահության խնդիրը շատ մեծ է եղել` դեմ լինելու առումով, բայց մի մեծ հատված դեմ է եղել ոչ թե վստահության պակասի պատճառով, այլ պարտադիր բաղադրիչի պատճառով: Ես կարծում եմ` կառավարությունն ունի շատ բարձր լեգիտմության ու վստահության ցուցանիշ: Այս առումով մենք խնդիր չունենք, բայց մարդիկ, ովքեր պարտադիր բաղադրիչին են դեմ, նրանք շարունակում են դեմ լինել, և դա էլ է նորմալ, ժողովրդավարական հասարակությունում չեն կարող լինել որոշումներ, որ բոլորը կողմ են ու երջանիկ»:

Yerkir.am-ի մյուս հարցին, թե ինչպե՞ս կքվեարկեն խորհրդարանում, Մարուքյանը պատասխանեց, որ կքվեարկեն այնպես, ինչպես կառավարությունն է քվեարկել: «Ֆրակցիայի առանձին կուսակցություններից «Լուսավոր Հայաստանը» առաջարկել է հետաձգել պարտադիրը և շարունակել քննակումները, բայց դուք տեսաք, որ բոլորը կողմ են քվեարկել»,- ասաց նա:

Դիտարկմանն էլ`Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ակնարկեց, որ այլ կարծիքներ չի հանդուրժի, որ ով իրենց հետ չէ, կարող է իրենց հետ չլինել, չպետք է պառակտում մտցնել թիմում, ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններին` ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց, որ սա հիշեցնում է ստալինյան ժամանակները, և հարցին` նորմա՞լ է, որ վարչապետը չի հանդուրժում այլ կարծիքներ կառավարությունում, Մարուքյանն արձագանքեց. «Ես Նիկոլ Փաշինյանի հետ գոնե մեկ տարի, որպես ֆրակցիայի պատգամավոր, աշխատել եմ, դրանից առաջ դաշինքի հիմնադրման պրոցեսների ժամանակ ենք աշխատել, և մեր քննարկումներում չի եղել մի դեպք, որ Փաշինյանը որևէ կարծիք չհարգի: Վարչապետը նշեց, որ սա ԱԺ-ն չէ, հետևաբար` թիմային աշխատանք է պետք և պետք է թիմային հանդես գալ: Վարչապետի մոտեցումը հետևյալն էր` կա'մ կողմ ենք, բոլորս ենք կողմ, կա'մ դեմ ենք, բոլորս ենք դեմ, ոչ թե` ես չեմ հանդուրժի այլ կարծիք»:

Հարցին` վարչապետի այդ խոսքերից հետո  որևէ պատգամավոր կհամարձակվի՞ իր տեսկաետները հայտնել, Մարուքյանը պատասխանեց` այո, կհամարձակվի, որովհետև եթե չլինի բազմակարծություն, տեսակետների բախում, կառավարությունը չի կարող առաջ գնալ:

Yerkir.am-ի հարցին` ընդդիմություն եղած ժամանակ դեմ էին պարտադիրին, հիմա ի՞նչ փոխվեց, նա պատասխանեց. «Այո, դեմ էինք: Ընդդիմություն եղած ժամանակ պարտադիր կուտակային համակարգն իրագործվում էր մի կառավարության ժամանակ, որը չուներ վստահություն, բայց պարտադիր բաղադրիչի հետ կապված ունենք մենք խնդիր, որ անգամ վստահության բարձր մակարդակի պայմաններում մարդիկ էլի կամավոր չեն գնալու վճարեն: Եթե չանեն դա, համակարգը չի աշխատի, եթե համակարգը չաշխատի մենք խնդիր ենք ունենալու»: