Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Առավոտ»-ին տված հարցազրույցում ԱԺ ՀՅԴ խմբակության ղեկավար Վահան Հովհաննեսյանն անդրադարձել է ներքաղաքական վերջին իրադարձություններին` նշելով, որ իշխանությունները պարզապես պատրաստվում են ընտրություններին:
- Չե՞ք կարծում, որ նման բան քիչ գործիչներ կանեին` ընտրություններից առաջ գնալ այդպիսի վերադասավորումների: Կա, չէ՞, հայտնի ասացվածք` «Գետն անցնելու ժամանակ ձիերին չեն փոխում», բայց հանրապետության նախագահը բավականին համարձակ է գնում դրան:
- Ես կարծում եմ` ավելորդ ձիերին ուղղակի հեռացնում են, որովհետեւ նախ` նրանք ավելի շատ են վարսակ ուտում, երկրորդ` առաջներում, օրինակ, այսպիսի հասկացողություն կար, կոչվում էր ցուգ, ցուգտը, գերմաներենից թարգմանած, վագոնների շարանն է, եւ երբ ռուսական կամ գերմանական արիստոկրատիան մեկ սայլակ կամ էկիպաժ քաշելու նպատակով 20-30 ձի էր լծում, դա շատ տպավորիչ էր, իհարկե, բայց խաղաղ պայմաններում: Նման ցուգերով երկար տարածություններ արագորեն տեղաշարժվելը բավականին դժվար է լինում, որովհետեւ այդ բոլոր ձիերին շատ դժվար է սովորեցնել, որ բոլոր ոտքերը պետք է նույն ձեւով գցեն: Այդ պատճառով էլ գետնանցումի ժամանակ թողնում էին միայն այն ձիերին, որոնց արդեն այնպես էին վարժեցրել, որ որեւէ կասկած չէր կարող առաջանալ, թե կսխալվեն կամ կխրտնեն:
- Ցուգով կամ առանց դրա, համաձայնեք, որ այս քայլերը չեզոքացրին ընդդիմությանը. ե'ւ հրապարակում կանգնածները, ե'ւ դրանից դուրս գտնվողները, կարծես, դարձել են երկրորդական, տեսնում ենք, որ ընդդիմություն կարծես թե չկա, եւ իշխանությունն է օրակարգը ձեւավորում:
- Բնական է` իշխանությունը քննարկման օրակարգ է ստեղծում, բայց դա էլ նպատակներից մեկն է, գուցե` հիմնական նպատակը: Այս տակտիկան մենք նկատում ենք ծայրահեղ ընդդիմության եւ իշխանության մոտ, բազմիցս նկատել ենք, որ երբ իսկական լուրջ օրակարգ է առաջանում ժողովրդի առջեւ, օրինակ` իշխանափոխություն ընտրությունների միջոցով, անմիջապես կեղծ օրակարգեր են նետվում: Օրինակ` ծայրահեղ ընդդիմությունը, կարեւորագույն օրակարգը մի կողմ թողած, զբաղվում է ինչ-որ մարդկանցով. որոնք իբր թե քաղբանտարկյալ են, կամ նետում բոլորովին ապակողմնորոշող եւ թուլացնող կարգախոսներ, օրինակ` արտահերթ ընտրությունների, անմիջապես հրաժարականների եւ այլնի մասին: Ահա այսքան մարդ հրաժարական տվեց, ի՞նչ փոխվեց, ոչ մի բան, ենթադրենք սա իրենց պահանջով է արվել, բայց ի՞նչ փոխվեց, ոչինչ:
Նույն տակտիկան օգտագործում է նաեւ իշխանությունը: Լուրջ օրակարգը` իշխանության խաղաղ, քաղաքակիրթ, նորմալ ընտրությունների միջոցով հրաժեշտ տալը մեր հասարակության առջեւ կանգնած հիմնական օրակարգն է, բայց այդ հիմնական օրակարգը նենգափոխվում, դառնում է ուրիշ օրակարգ: Քաղաքապետներ են փոխվում, ոստիկանապետներ են փոխվում, շտաբներ են ստեղծվում ԱԺ նախագահի գլխավորությամբ, ով, չգիտես ինչու, դրա պատճառով պետք է հրաժարական տա: Այսինքն` հասարակությանը զբաղեցնում են խնդիրներով, որոնք այդ հասարակությանը բոլորովին չպետք է հետաքրքրեն նորմալ երկրում: