Փոխարժեքներ
21 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.06 |
EUR | ⚊ | € 436.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8024 |
GBP | ⚊ | £ 516.29 |
GEL | ⚊ | ₾ 140.61 |
ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ բյուջետային համակարգի մասին» և «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ «Ելք» խմբակության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆինանսների նախարար Վարդան Արամյանին խնդրեց, որ քաղաքացիներին պարզ ներկայացնի` արդյո՞ք այս նոր օրենքն անհրաժետ է ընդունել այն բանի համար, որ ՀՀ-ն կարողանա նոր պարտքեր վերցնել: «Այսինքն` հետագայում օրենսդրությունը համապատասխանի նոր պարտքեր վերցնելու հնարավորությանը»,- նշեց նա:
Արամյանը պատասխանեց, որ այս փաթեթի իմաստը ոչ թե այս կամ այն կերպ նոր պարտքեր վերցնելու հնարավորություն ընձեռնելն է, այլ կոնկրետ կանոն սահմանելը, թե ինչ պետք է անենք, ինչպիսի հարկաբյուջետային քաղաքականություն վարենք: Ըստ նախարարի՝ այս ամենը քննարկել են ակադեմիական աշխարհի, վերլուծաբանների հետ, ովքեր դրական գնահատական են տվել:
«Իմաստն այն է, որ, Վարդան Արամյանը կլինի, թե` Պողոսյան Պետրոսը, կանոնները լինելու են հստակ, որ լինի հակացիկլիկ, օգնի տնտեսությանը, որ առաջընթաց ունենա, տնտեսությանն օգնի անկումայինի ժամանակ դուրս գալ, իսկ վերելքի ժամանակ՝ բուֆերներ ստեղծել»,- ասաց Արամյանը:
Մարուքյանն արձագաքեց` այսինքն՝ մինչև հիմա պարտքերն անտրամաբանական են վերցվել, հիմա տրամաբանակա՞ն են վերցվելու: «Բայց նաև նոր գործիքակազմ եք դնում, որ նոր վարկեր վերցնեք, այսինքն` 6 մլրդ դոլարի չափ պետական պարտք ունենք, հիմա նոր կանոն ենք սահմանում: Ազնվությամբ կարելի է ասել` այս փոփոխություններից հետո վարկ վերցնելո՞ւ ենք 2018-ին, թե՞ ոչ»,- հարցրեց նա:
Նախարարը պատասխանեց, որ չի ասում, թե նախկինում վերցրածն անարդյունավետ կամ անտրամաբանական է եղել: «Խոսքը վարկեր վերցնելու մասին չէ, խոսքը մակրոմիջավայրի բնույթին է վերաբերում, ՝ ծախսային կանոնների վրա են դրված սահմանաչափերը: Այն երկրները, որոնք աչքաթող են անում ընթացիկ պարտավորությունների ստանձնումն ու անընդհատ նոր պարտավորություններ են ստանձնում` առանց մակրոտնտեսական վիճակը հաշվի առնելու, կարող են հայտնվել ծուղակում, դրա համար կանոններ են պետք, որ չհայտնվես ծուղակում: Ոչինչ, որ 60%-ից ավելի ավելին կլինի պարտքը, կարևորը դա չէ, կարևորը որ կանոններ լինեն, որ չստացվի` արհեստական փոխաժեք ֆիքսես, տնտեսությանը տանես ճգնաժամային վիճակի»,- բացատրեց նախարարը: